Ավանդների փոխհատուցումը վերսկսվել է․ 1935-36 թթ․ ծնված ավանդատուներին տրամադրվում է նաև 40% փոխհատուցում
Խորհրդային բանկերում ներդրած ավանդների փոխհատուցումը հունվարից վերսկսվել է։ Այս տարի խնայողությունները ստանալու իրավունք ունեն 1935 և 1936 թվականներին ծնված քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ավանդներ են ունեցել նախկին «Խնայբանկի» մասնաճյուղերում: Այս արտոնյալ խմբերից բացի, այս տարի իրենց խնայողություններն արտահերթ ստանալու իրավունք են ստացել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների, գնդակոծման տակ գտնվող սահմանամերձ համայնքների այն ավանդառուները, որոնք 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված են տվյալ համայնքում։ Այս կետը Շիրակի մարզին չի վերաբերում։ Վերսկսված փաստաթղթավորման համար սոցիալական աջակցության կենտրոնները դիմում են 1935-36 թվականներին ծնված քաղաքացիներին։
Իսմենդ Նազարեթյանը ծնվել է 1936 թվականին, Գյումրիում: Այս անունով նրան ոչ ոք չի ճանաչում, շրջապատում 84-ամյա պապին գիտեն Միշա անունով: 15 տարեկանից քաղաքի գործարաններում է աշխատել, ասում է՝ արդյունաբերական քաղաքում այդ տարիներին անգործ մարդ չկար։
Ամսական աշխատավարձով կարողացել է լավ ապրել ու մի քիչ էլ խնայել։ Ամեն ամիս «Խնայբանկում» բացված ավանդին որոշակի գումար էր ավելացնում`նեղ օրվա համար:
Արդեն չի հիշում, թե ինչքան գումար կա հավաքված խորհրդային գրքույկում։ Դեռ չի հետաքրքրվել, թե տարիների վաստակի խնայողությունների դիմաց փոխհատուցումը որքան է կազմելու։ Փաստաթղթերը նոր է ներկայացրել Գյումրիի սոցիալական աջակցության տարածքային կենտրոն։
«2020 թվականի հունվարից սկսած 10 ընտանիք կամ 10 անձ է դիմել սոցծառայություն, և հիմա կառավարության նոր որոշմամբ՝ ավանդները տրվում են մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին»,- պարզաբանում է սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային ծառայության տնօրեն Արտաշես Եգորյանը: Այս տարի ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 1935 և 1936 թվականներին ծնված քաղաքացիները, բայց կան դիմումատուներ, որոնք նախորդ տարիներին ծրագրից դուրս են մնացել։ «Ունենք նման դեպքեր, որ հանրապետությունից բացակայել են, ՌԴ-ում են եղել կամ մեկ այլ պատճառով բացակայել են, հիմա գալիս են, նորից դիմում են և, ասենք, 1932 կամ 1934 թվականների ծնվածները, 1935-36 թվականների հետ մեկտեղ, ստանում են իրենց գումարները»,-ասում է Արտաշես Եգորյանը:
Եթե քաղաքացին կորցրել է կամ չի պահպանել իր ավանդային գրքույկը, այս դեպքում «Հայխնայբանկի» իրավահաջորդ «ՎՏԲ» բանկից պարտադիր պահանջվում է տեղեկանք, որը կհաստատի ներդրված ավանդի չափը։
«Պետք է դիմել բանկ և պահանջել տեղեկանքը, տեղեկանքի մեջ երևում է, թե ինչքան գումար է եղել գրքույկում, և էստեղ նաև կա 40 տոկոս փոխհատուցում. շատ ժամանակ տարեցները տեղյակ չեն, որ իրենց ունեցած գումարի վրա տարիների ընթացքում կուտակվել է էս փոխհատուցումը, իսկ տեղեկանքով սա պարզ երևում է։ Փոխհատուցման գումարը նույնպես գումարվում է ունեցած մայր գումարին և վճարվում»,- նշում է «Գյումրի 1» սոցիալական աջակցության տարածքային ծառայության առաջին կարգի մասնագետ Աիդա Խաչատրյանը:
Հավելյալ փոխհատուցում ասածը վերաբերում է մարդկանց հայտնի գորբաչովյան 40 տոկոսին, որը ոչ բոլորի խնայողական գրքույկներում է նշված եղել։ Ըստ ներկայացված տեղեկանքի՝ քաղաքացիները կարող են ստանալ նաև մահացած ամուսնու կամ կնոջ ավանդային խնայողությունը, այս դեպքում կվճարվի գումարի միայն 50 տոկոսը:
«Կարգը նորից պահպանվում է, եթե կինը մահացած է, բայց ամուսինը 35 կամ 36 թվի ծնված է, նա կարող է ստանալ նաև իր կնոջ գրքույկում եղած գումարի 50 տոկոսը, և հակառակը»,-ասում է Արտաշես Եգորյանը։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր արդեն ընդգրկվել են վճարման ցուցակներում, բայց մահացել են, այս դեպքում գումարն ամբողջությամբ տրվում է օրինական ժառանգներին: Մինչ այս ներկայացված փաստաթղթերում մեծ կարողություններ ունեցող տարեցներ դեռ չեն եղել: Ամենաշատը 10-15 հազար ռուբլի ավանդային գումար է։ Հաշվի առնելով ավանդառուների տարիքային շեմը՝ շատ հաճախ անհրաժեշտ է լինում սոցիալական աշխատողներին այցելել նրանց տներ։ Տարեցների փոխարեն փաստաթղթերը կարող են ներկայացնել նաև վստահված անձինք:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...