էդ ի՞նչ սպաներ ու կամանդիրներ են, որ չեն կարողանում, կամ չեն ցանկանում կանխել այդ ենթամշակույթը, որ, ասենք, հեռախոսի զայրադչնիկի պատճառով «ռազբոռ» չլինի. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում գրանցված մահվան դեպքերին: Նա մասնավորապես նշել է, որ երեքշաբթի օրը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության հարցերով երկու հանձնաժողովների համատեղ փակ նիստում լսելու են Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետին ու մի քանի այլ պատասխանատուների: 

 

«Պարտված ես, երբ սպայիդ ու զինվորիդ կյանքը չես խնայում

Վերջին շրջանում ես սարսափով եմ բացում լրահոսը: Այլևս գրեթե ամեն օր զինվորի մահ` հիմնականում ինքնասպանություն որակված: Մեկ օրում երկու մահ:

 

Անցած 43 օրերի ընթացքում ոչ մարտական գործողությունների ժամանակ գրանցվել է 10 մահ, ընդ որում` 7-ը գրանցվել է վերջին 13 օրում:

Ու երեկ կրկին սև լրահոս` կրկին զինվորի մահ: Արդյունքում` խորին ցավակցություններ զոհված զինվորի ընտանիքին: Էդ հարցրե՞լ եք, պե՞տք է որդի կորցրած մորը ձեր ցավակցությունը:

 

Ու ընդհանրապես, ինչ-որ մեկը գոնե հասկանում է, որ սա այլևս անվտանգային լուրջ մարտահրավեր է ու հերթապահ նախադասություններով, թե զինված ուժերում կարգապահական կանոնագրքին ավելի խիստ հետևելու անհրաժեշտություն կա, էս հարցը չի լուծվելու: Ու որպեսզի մի օր էլ հանկարծ չթիրախավորվի բանակը, իսկ դա կլինի ուղղակի կործանարար, այս աղետը կասեցնել է պետք, ընդհուպ` ամենաարմատական քայլերով:

 

Էդ ի՞նչ էլիտար զորամասեր են, էդ ի՞նչ սպաներ ու կամանդիրներ են, որ չեն կարողանում, կամ չեն ցանկանում կանխել արատավոր այդ ենթամշակույթը, որ, ասենք, հեռախոսի զայրադչնիկի պատճառով «ռազբոռ» չլինի: Բա էդ ինչի՞ համար էն էդ հրամանատարները, որ չեն կարողանում կանխել 19-20 տարեկան, ըստ էության երեխաների էմոցիոնալ շոկերը ու մենք ունենում ենք զոհ: Արդեն, ցավոք, դաժանորեն շատ։

 

Եւս մի անհամեստ հարց, էդ ո՞նց է լինում, որ զորամասի բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատու որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության աթոռին չէ:

 

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ավելի վաղ պիտի տրվեր: Ու որևէ մեկը հանկարծ չգցի մեղքը զինվորների ծնողների վրա, թե զինվորն իր ընտանիքում արդեն հոգեկան որոշակի դեստաբիլ վիճակում է եղել կամ էդ օրը սիրած աղջկանից տխուր սմս է ստացել: Բա դո՞ւք ինչի համար եք էդտեղ։

Ու հանկարծ մեզանից որևէ մենը չմոռանա, որ եթե չենք խնայում մեր սպայի ու զինվորի կյանքը` պարտված ենք բոլորս:

 

Երեքշաբթի օրը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության հարցերով մեր երկու հանձնաժողովների համատեղ փակ նիստում լսելու ենք Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետին ու մի քանի այլ պատասխանատուների:

 

Այս ողբերգությունները կասեցնել է պետք»,- գրել է Զոհրաբյանը:

Քաղաքականություն

Պատահարներ