Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ նշելով, որ դեռևս չեն ծանոթացել Վերաքննիչ դատարանի որոշմանը։ 

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը, Պիվազյանն ասաց. «Իհարկե, բայց մինչ բողոքարկելը պետք է ստանանք որոշումը, հասկանանք մեր փաստարկների վերաբերյալ դատարանն ինչ եզրահանգումների է եկել, ինչ պատճառաբանություններ է նշել»։ 

Պաշտպանը նշեց, որ Նարեկ Սարգսյանն ունի նաև որոշակի առողջական խնդիրներ, սակայն այս պահին այլ մանրամասներ չհայտնեց։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: 

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ,2018 թվականի դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: 

Նա Հայաստանին արտահանձնվեց հայտնաբերվելուց մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին եւ քննիչը դեկտեմբերի 23-ին միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը դատարանը դեկտեմբերի 24-ի որոշմամբ բավարարվեց։ 

Նարեկ Սարգսյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ 

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Քաղաքականություն

Պատահարներ