Քաղաքականություն

Շնորհակալ եմ, որ այս բանաձևն ընդունվեց, երբ դեռ ողջ են Ցեղասպանությունը տեսած մարդիկ․ Մենենդես

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ Սենատը նախօրեին առանց առարկության և քվեարկության միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանույունը ճանաչող համար 150 բանաձևը, որը բովանդակային առումով կրկնում է Ներկայացուցիչների…

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ Սենատը նախօրեին առանց առարկության և քվեարկության միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանույունը ճանաչող համար 150 բանաձևը, որը բովանդակային առումով կրկնում է Ներկայացուցիչների պալատի վերջերս ընդունած բանաձևի տեքստը:

Իր ելույթում բանաձևի դեմոկրատ համահեղինակ, սենատոր Մենենդեսը նշեց, որ բանաձևի ընդունմամբ Սենատը հաստատում է ճշմարտությունը: Մեջբերում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուելի գրքից՝ սենատորն ընդգծեց՝ ԱՄՆ արձագանքի բացակայությունը Թուրքիայի գործողություններին առաջացրեց անպատժելիության նախադեպ, որն ըստ սենատորի այժմ դադարեցվում է:

«Շնորհակալ եմ, որ այս բանաձևն ընդունվեց, երբ դեռ ողջ են Ցեղասպանությունը տեսած մարդիկ: Եվ նրանք ի վիճակի կլինեն տեսնելու, որ Սենատը ճանաչում է այն, ինչի միջով նրանք անցել են»,- հուզական իր ելույթն ավարտեց Մենենդեսը:

Բանաձևի հանրապետական համահեղինակ, սենատոր Թեդ Քրուզն էլ իր ելույթում ընդունումը որակեց երկու կուսակցությունների ձեռքբերում: Նրա կարծիքով ԱՄՆ բարոյական պարտավորություն ունի մեկ ու կես միլիոն հայ նահանտակների առջև: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

«Մենենդես-Քրուզ բանաձևը վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»,- ընդգծեց սենատոր Քրուզը:

Անկարան դատապարտեց ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացումը, ինչպես նաև նախօրեին Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին Սենատի ընդունած օրենքը:

Նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին իր թվիթերյան գրառման մեջ Ցեղասպանության բանաձևի ընդունման որոշումն անվանել է «դատարկ» և «անիմաստ», որը հետ չի պահի Թուրքիային իր դիրքերից:

Պաշտոնական Երևանն իր հերթին ողջունեց բանաձևի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց ԱՄՆ Սենատին այս բանաձևի ընդունման համար:

Երախտագիտություն հայտնելով ԱՄՆ սենատորներին՝ բանաձևի ընդունումը ողջունեցին նաև ամերիկահայ կառույցները՝ այն գնահատելով որպես հստակ ազդանշան Անկարային: Վերջիններիս հայացքներն այժմ ուղղված է դեպի վարչակազմ:

«Բանաձևը չի պահանջում նախագահի ստորագրություն: Քանի որ Կոնգրեսի երկու պալատները փաստորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ պետք է ակնկալենք, որ վարչակազմը ճիշտ քայլերի կդիմի և Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կօգտագործի ցեղասպանություն եզրը»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը:

«Հիմա աշխատանքը պետք է շարունակվի Սպիտակ տան հետ, որ վերջնականապես վերջ դնենք Ցեղասպանության մերժման և մեղսակցության կեցվածքին»,- հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը:

ԱՄՆ վարչակազմի կողմից դեռևս որևէ արձագանք չի հնչել այս կապակցությամբ:

 

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը։ 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250