Եղբայրս՝ Վազգենը, հաստատ կասեր՝ «Մտածեք էս երկրի մասին». Արամ Սարգսյան
Ցանկացած երկրի անկախության, ինքնիշխանության ու ազգային անվտանգության հիմքում տնտեսական զարգացումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Տնտեսության մակարդակն է որոշում երկրում և քաղաքականության, և մշակույթի, և ժողովրդավարության մակարդակը: ՀԴՄ կտրոն պահանջելը ճիշտ է, բայց շատ ավելի կարևոր խնդիրներ կան, միայն ՀԴՄ-ով խանութից այն կողմ չես գնա: Այդ խնդիրներից հաճախ մենք չենք խոսում, որ նախկիների ջրաղացին ջուր լցնող չընկալվենք, ու այդ խնդիրները մնում են չարժևորված: Չկարևորված ու շրջանցված:
Առաջինը ու ամենակարևորը Արցախի հիմնահարցն է: Այսօր սեղանին ունենք երկու տարբերակ, և մենք երկուսին էլ դեմ ենք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ու մեր ռազմավարական գործընկերն է, սեփական շահից ելնելով, առաջարկել այդ չարաբաստիկ երկրորդ տարբերակը, որին կողմ է Ադրբեջանը…
Չենք խոսում էներգետիկայից, որ ատոմակայան ու ինքնահոս ջրային ռեսուսներ ունենալով, Վրաստանից ու Ադրբեջանից երկու անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիա ենք արտադրում։ Որ Ադրբեջանը ոչ միայն գազ, այլև էլեկտրաէներգիա է սկսել վաճառել Եվրոպա, որ Վրաստանը մեզնից էներգիա գնողից, վերածվել է մեզ էներգիա վաճառողի, որ իրական աշխատատեղեր ապահովող և համակարգաստեղծ արդյունաբերական ձեռնարկություններ չեն ստեղծվում Հայաստանում և այդ բնագավառում ներդրումներ չեն արվում, որովհետև էներգիայի գներն են թանկ… Խոսում ենք գիտելիքից, բայց այդ ոլորտի խնդիրները հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի ու Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման վեճից այն կողմ չեն անցնում, մինչդեռ հարևան Վրաստանը արդեն եկող տարի բարձր տեխնոլոգիական և աշխարհում ճանաչված կրթական համալիրի մասնաճյուղ կունենա, և մեր երեխաները տեխնիկական կրթություն ստանալու համար կգնան Վրաստան:
Ու էլի բազում թեմաներ կան, որոնցից արժի խոսել, բայց թվարկածիցս շատ ավելի կարևորը կա: Շատ-շատ կարևոր է ու թվարկածս իմաստ կունենա, էական կդառնա, եթե սերը ավելանա ու ատելությունը պակասի… Ես չգիտեմ՝ Հին Հռոմում գլադիատորների մենամարտից հետո ժողովուրդը ավելի շատ քվեարկել է սպանելու՞, թե՞ ներելու օգտին: Կայսրը ավելի շատ ներե՞լ է, թե՞ հակադրվե՞լ է ժողովրդի ընտրությանը, կամ հակառակը:
ժողովուրդը արյուն է ուզել, որովհետև պարտված գլադիատորը թշնամու՞ երկրից էր, թե՞ ինքը էդպիսի խաղադրույք էր արել ու չէր ուզում փողը կորցնել: Ու իսկապես՝ ո՞վ էր դատավորը: Չգիտեմ, բայց եղբայրս՝ Վազգենը, հաստատ կասեր՝ «Մտածեք էս երկրի մասին»։ 2020-ին մտնում ենք 21-րդ դարի ԵՐՐՈՐԴ տասնամյակ: Մեզ ոչ ոք վաղը չի վերադարձնելու այսօր չարած գործերի ժամանակը, ու՝ չի ներելու: Երկիրը պետք է հեռանկար ու երազանք ունենա: Դիմադրունակություն: Մնացածը դուք մտածեք»,- գրել է նա: