Ձրի պանիրը միայն թակարդում է լինում. Սերգեյ Բագրատյանը՝ վարկային համաձայնագրերի մասին
«Ձրի կամ անվճար պանիրը միայն թակարդում է լինում»: Այս մասին վարկային համաձայնագրերի ստորագրման հարցի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Մեր հարգարժան պարոն Միրզոյանը, դասական ձևակերպում արեց, որ այո, ընդդիմությունը որպես կանոն բյուջեին և վարկերին դեմ է քվեարկում, բայց այս պահին մենք ուզում ենք մեր կառավարության հարգարժան գործընկերներին հուշել, որ այս անվճար փողի տակ մի բան կա, ոչ ոք հենց այնպես ոչ մեկին փող չի տալիս: Այդ նպատակները մի օր ի հայտ են գալու: Մենք ասում ենք եկեք այսօր լավ քննարկենք, պատրաստվենք, հասկանանք, թե մի օր էդ ձրիի դիմաց մեզնից ինչ են պահանջելու: Էս գլխից պատրաստ լինենք, իմանանք մեր գլխի գալիքը: Խոսքը սրա մասին է: Ես գիտեմ, որ հարցը քաղաքական է, բայց ես ասում եմ՝ եկեք տնտեսական վերլուծություն անենք՝ հասկանալու համար, թե ինչ է գալու մեր գլխին»,- նշեց պատգամավորը:
Բագրատյանը նշեց, որ իր համար կառավարության մոտեցումն անհասկանալի է այն պատճառով, որ կառավարությունը որոշակի բաներ գիտի, և որոշակի բաներ չի ցանկանում բարձրաձայնել: «Նախկինում ընդհանրապես չէր ասում, հիմա կեսն ասում է, բայց մենք ուզում ենք այդ կեսն էլ հասկանանք, որ մեր քվեարկելն իմաստ ունենա, որ տարիներ հետո հարց տան, ասեն՝ ինչի՞ եք քվեարկել, չասեն՝ ճիշտն ասած լավ չենք հասկացել, բայց կողմ ենք քվեարկել»,- ընդգծեց նա