ԱԱԾ-ն և ոստիկանությունը քաղաքականության մշակողներ չեն, իրականացնողներ են․ Վլադիմիր Վարդանյան
ԱԺ «Իմ քալը» խմբակցության պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այսօր ԱԺ-ում իր տված ճեպազրույցի շրջանակներում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված նախագծի մասին։ Նախագիծը ոստինակապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին է։
Պատճառը, որ նախագիծը մերժվել է, ըստ Վարդանյանի լուծումների ոչ ինստիտուցիոնալ լինելն է։
Հարցին, թե ինչու են առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել այս նախագծին, պատգամավորը պատասխանեց, որ անվտանգության ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա։ «Լուծումները պետք է լինեն սահմանադրական և լինեն այնպիսին, որոնք չեն խարխլի համակարգը»,-ասաց Վարդանյանը, հավելելով, որ առաջարկված լուծումները շատ խնդրահարույց են, քանի որ ցանկացած լուծում սահմանադրականության հետ խնդիրներ է առաջացնում կամ համակարգում ներքին համերաշխությունը կարող է վերացնել։
«Մենք հանգեցինք այն եզրակացության, որ աշխատանքները պետք է շարունակել այս ուղղությամբ, պետք է բարեփոխել և՛ ԱԱԾ-ն, և՛ ոստիկանությունը, և այդ համակարգերի մեր գործընկերները, կարծում եմ, ևս այդ կարծիքին են»,-ասաց պատգամավորը։
Վարդանյանի պնդմամբ՝ այդ ոլորտներում սիտուատիվ լուծումներ պետք չեն, պետք են ինստիտուցոնալ լուծումներ, որոնք կհանգեցնեն նրան, որ վաղ թե ուշ ունենանք եվրոպական չափանիշներին բավարարող ոստիկանություն և ԱԱԾ։
Բայց այս տեսքով և այս տեքստով փոփոխությունները, մանավանդ հաշվի առնելով Մարուքյանի կողմից հնչեցված առաջարկությունները, որոնք վերաբերում էին ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելուն, Վարդանյանի կարծիքով անընդունելի են, և, ըստ էության, չէին հանգեցնելու որաշակի դրական փոփոխությունների։
Նրա կարծիքով նախ պետք է հասկանալ, թե ինչպիսին է լինելու այս մարմինների կարգավիճակը, անհրաժեշտ է հասկանալ, թե այս լուծումների շրջանակում չեն շրջանցվում սահմանադրական կոնակարգումները, որովհետև վարչապետի առաջարկությամբ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին նշանակում է նախագահը, և եթե վերացվի այս պաշտոնների զինվորական լինելու չափանիշը, ապա նախագահը սահմանադրության առումով չի կարողանա նշանակումներ անել։ Ըստ Վարդանյանի՝ սրանով ավելի է ընդգծվում սուպերվարչապետական համակարգը։
«Այդ ոլորտի քաղաքականության մշակումը վերապահված է կառավարությանը։ Այս մարմինները քաղաքականության մշակող չեն, քաղաքականություն իրականացնողներ են»,-ասաց Վարդանյանը, հավելելով, որ այնուամենայնիվ նրանք դեմ չեն խորհրդարանական վերահսկման մակարդակի բարձրացմանը այս ոլորտում։
Ըստ պատգամավորի՝ նրանք իրոք ցանկացել են գտնել լուծում, բայց չեն կարողացել գտնել լավագույնը և ոչ թե չեն ցանկացել, այլ պարզապես՝ այն չկա։