Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն Վիեննայում. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ քայլեր են արվում առաջիկա օրերի ընթացքում կազմակերպել կառույցի ներկայացուցիչների հանդիպումը իրանական կողմի հետ: Նա այդ մասին հայտնել է Reuters գործակալությանը։


«Տեսչական այց կատարելու համար փորձում ենք նոր հանդիպում անցկացնել, գուցե այստեղ՝ Վիեննայում։ Շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք համաձայնեցնել դա մինչև հաջորդ շաբաթ», - ասել է Գրոսին։


Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հարստացված ուրանի պաշարների տեղափոխվման մասին տվյալներ չունի, և դա պետք է ստուգել:


Հիշեցնենք` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Փաստաթղթի հրապարակումից հետո գործակալության տեսուչները վտարվել են երկրից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:


Իրանը համագործակցության վերականգնման պայման է համարում երկրի միջուկային օբյեկտների և ատոմային ոլորտի գիտնականների անվտանգության ապահովումը:

Քաղաքականություն

Պատահարներ