Երևան ու Շուշի այցելած ադրբեջանցի լրագրողները շատ ավելի ազատ են եղել շրջելու քաղաքներում, քան մերոնք՝ Ադրբեջանում

Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ հումանիտար կապերի շուրջ այս տարվա մարտին ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Ադրբեջանից օրերս վերադարձած՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը, գրում է tert.am-ը: 

 

«Բաքուն մեծ, հարուստ և խնամված քաղաք է: Ղուբան համադրելի էր մեր քաղաքների հետ՝ Ստեփանավանից մի փոքր ավելի մեծ էր: Գանձակը համեմատելի է մեր Գյումրիի հետ, բայց ավելի մեծ ու հարուստ քաղաք է: Ճանապարհներին տեսանք նաև ադրբեջանական գյուղերը»,– ասել է նա:

Ըստ Էլբակյանի՝ ինչպես այլ հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում էլ ներդրումների մեծ մասը հոսում է մայրաքաղաք, իսկ շրջանները թերզարգացած են. «Բաքվի մոտ 20 գյուղական արվարձանները հետնախորշ են հիշեցնում: Ադրբեջանցիները դրանք անվանում են «Բաքվի գյուղեր»: Որոշ հետնախորշեր կան նաև Բաքվի կենտրոնում»:

 

Էլբակյանի պնդմամբ՝ Երևան ու Շուշի այցելած ադրբեջանցի լրագրողները շատ ավելի ազատ են եղել շրջելու այդ քաղաքներում, քան իրենք՝ Ադրբեջանում, բացի այդ՝ ադրբեջանցի լրագրողները, թերևս, իրենց թեմատիկ հրապարակումների ամեն բառը համաձայնեցնելու են իշխանության հետ. «Մեր բոլոր զրուցակիցներն Ադրբեջանում զտված, հատուկ անձինք էին: Իրենք խնդիր ունեին ցույց տալու, որ մեր ժողովուրդների համատեղ գոյակցությունը հնարավոր է: Իսկ մեզ պատահաբար հանդիպած անձանցից շատերը չգիտեին, թե մենք ով ենք, մեր ուղեկիցները մեզ խնդրում էին իրար հետ հայերեն չխոսել»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում