Այսօր փաստաբանական համայնքը դրսևորեց բացառիկ համախմբվածություն. Ռուբեն Մելիքյանը` ԱԱԾ գործողությունների մասին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչների առգրավմանը փաստաբանական համայնքի ցուցաբերած համախմբվածությանը: 

 

Գրառումը ստորև.

 

«Այսօր փաստաբանական համայնքը դրսևորեց բացառիկ համախմբվածություն՝ պաշտպանելու մեր պետության և մեր համայնքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիությունը։

 

Եթե չլինի փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիություն, սկզբունքորեն չի լինի վստահորդների կողմից անհրաժեշտ վստահություն իրենց փաստաբանի հանդեպ։ Իսկ վստահորդներ կարող են լինել ԲՈԼՈՐԸ՝ երեկվա, այսօրվա, վաղվա իշխանավորը, բարեպաշտը և մեղսավորը, իրավապահը, «իրավապաշտպանը» և իրավախախտը։ Բոլորը։

 

Հետևաբար սա ոչ միայն փաստաբանների խնդիրն է, այլ նաև մյուս բոլորի»։

 

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի մամուլ ծառայությունից հայտնել էին, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ միասին փաստաբանի գրասենյակում էին և չեն թույլատրում համակարգիչների առգրավումը: