Դասադուլները դադարեցված են, քննարկումներ են ընթանում․ ուսանողներ

Երևանի պետական համալսարանի ուսանողական ծրագրերի համակարգող և ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրինագծին։

 

Ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն ասաց, որ այս պահին բողոքի ակցիաները, դասադուլները դադարեցված են, հանդիպումներ ու քննարկումներ են  լինում դասախոսների, գիտական խորհուրդների հետ և քննարկում են Հայոց լեզվի և Հայոց պատմության վերաբերյալ հարցերը։ 

 

Բանասիրության ֆակուլտետի ուսանող, ակտիվիստ Գևորգ Գյուլումյանը, անդրաառանալով լեզվի պարտադիրության խնդրին, նշեց, որ օտար լեզուները պարտադիր են, բայց նախարարության կողմից փորձ է արվում Հայոց լեզուն դարձնել ոչ պարտադիր։ Անդրադառնալով այն տեսակետներին, թե պայքարը պայմանավորված է դասախոսները դասաժամերի պակասով՝ Գյուլումյանը հերքեց դրանք՝ հարցադրում անելով, թե ասուլիսին ներկաներից ո՞ր մեկն է դասախոս։ 

Ամալիա Հարությունյանը, որը Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող է, ասաց՝ Հայոց լեզվի կամընտրականության հարցը որոշելու է գիտխորհուրդը և այն, թե որքանո՞վ է այն արտահայտում ուսանողության կամքը։ Բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Իշխան Թովմասյանն իր հերթին նշեց, որ իրենք նախարարի անձի դեմ՝ Արայիկ Հարությունյան անձի դեմ  որևէ բան չունեն և իրենց պայքարը Հայոց լեզվի և Հայոց պատմության համար է։

 

Էդվարդ Գալստյանն, անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին տրված նամակին վերաբերյալ հարցին, ասաց, որ ոչ միայն Գևորգյանին են դիմել այլև՝ դեկաններին, դասախոսների են դիմել դիրքորոշման համար։ Նա նշեց, որ քննարկումները դեկանների, դասախոսների հետ շարունակվում են, այսօր դեռևս երկրորդ օրն է, և վաղը՝ ռեկտորի պաշտոնակատարի պատասխանն ստանալուց հետո, հետագա քայլերը պարզ կդառնան։