Արդյոք Հայաստանում կգտնվի՞ մեկը, որը օրենքով գողերի հետ կանի այն, ինչ արեցին Վրաստանում
«Համահայկական հայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ քրեական հեղինակությունների համար Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը Հայաստանում չի կարող աշխատել, գրում է 168.am-ը:
«Սա ես համարում եմ մահակ մի մարդու ձեռքին, որն իրեն կառավարել չի կարողանում: Օրենքով գողերի հետ կապված խնդիրը, այո՛, մտահոգիչ է, բայց օրենքը չի կարող աշխատել, և ես հասկանում եմ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, որոնք այդպես քվեարկեցին այս նախագծին. սա բաց է անում իշխանության՝ առանց այն էլ բաց ձեռքերը՝ տարբեր մարդկանց հասնելու համար։ Ստացվելու է, որ մի մարդ, որն ունի այդ տիտղոսը, բայց քայլ չի արել, ազատ է, իսկ մյուսը, որը քայլ է արել, պետք է ենթարկվի իր (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,- Ա.Ս.) կամքին, և նրան կուղղորդեն այնտեղ, որտեղ պետք է. հասկացա՞ք, թե ուր է տանում այս նախագիծը, երբ դառնա օրենք, որն անպայման կդառնա»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։
Վերջինիս խոսքով՝ հիմնավորված չեն այն պնդումները, թե Վրաստանում նմանատիպ օրենք է ընդունվել, և քրեական աշխարհում այս օրենքով վրացիները հասել են հաջողության, հետևաբար՝ Հայաստանում ևս այն նման արդյունք կարձանագրի։
«Համեմատության համար բերեմ մի վիճակագրություն. Օրինակ, միայն Քութաիս քաղաքում կար 262 օրենքով գող, իսկ Հայաստանում նրանք երեք տասնյակ են ընդամենը։ Վրաստանում այդ օրենքով գողերը պետության համար դարձել էին անկառավարելի, ուստի որոշվեց՝ եթե չեն կարողանում կառավարեն, պետք է վերահսկեն, և ընդունվեց օրենք, իհարկե, դրանից հետո զազրելի բաներ տեղի ունեցան, գաղութներում խայռտառակ վիճակ էր։ Արդյոք Հայաստանում կգտնվի՞ մեկը, որը օրենքով գողերի հետ կանի այն, ինչ արեցին Վրաստանում. չէ՞ որ այդ օրենքի ընդունումից հետո մենք ազատազրկման վայրերում ունենալու ենք նման լուրջ խնդիրներ. իսկ արդյոք այս իշխանությունը կարողանալո՞ւ է այդ խնդիրները լուծել, ես խիստ կասկածում եմ»,- ասաց Եղիազարյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում