«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում խախտումներ են արձանագրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում և կոմբինատում իրականացրած զննման արդյունքում խախտումներ է արձանագրել և վարչական տուգանքի ենթարկել ՓԲԸ-ի տնօրեն Անդրեյ Սինյակովին, հայտնում է «Էկոլուր»-ը: 

Տեսչական մարմինը սույն թվականի հուլիսի 2-ին վարչական վարույթ էր հարուցել՝ պարզելու «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը: Վարչական վարույթի համար հիմք էին հանդիսացել 2019 թ. հունվար-մայիս ամիսներին «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի ունեցած 6 դժբախտ դեպքերը, որոնց արդյունքում աշխատողները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Վարչական վարույթի արդյունքի մասին լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը 24.10.2019թ. թիվ 01/9450-19 նամակով հայտնել է. 

«Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի մասնագետների կողմից 2019թ-ի հուլիսի 8-ից մինչև հուլիսի 17-ը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Ագարակ համայնքում շահագործվող հանքավայրում և հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել է զննում:

Զննման արդյունքում արձանգրված խախտումները վերացնելու համար «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրեն Անդրեյ Սինյակովի 08.08.2019թ. տրվել է կարգադրագիր: Ներկայումս կարգադրագրով սահմանված ժամկետներում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվում են կարգադրագրով տրված առաջադրանքների վերացման փաստը հավաստող փաստաթղթերը (լուսանկարներ, հրամաններ, գնման ակտեր, պայմանագրեր և այլն):

 

Միաժամանակ տեղեկացնում եմ նաև, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, որպես խախտում թույլ տված անձ, ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 21-ի N 51-Ն և ՀՀ (ԷկոԼուր՝ «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշում) և ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 29-ի N 1277-Ն (ԷկոԼուր՝ «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշում) որոշումների պահանջները խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն ենթարկվել է վարչական տուգանքի»:

Քաղաքականություն