Երկու հանցագործների կռիվը․ 14-ամյա վաղեմության սպանության հետքերով. «Ժողովուրդ»
Հոկտեմբերի 29-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է 2005թ. կատարված սպանություն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչպես են բացահայտել 14 տարի առաջ կատարված սպանության մանրամասները:
Ըստ նախաքննական մարմնի` 2019թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 22:40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014 թվականին իր հանգուցյալ հորից տեղեկացել է, որ տարիներ առաջ հորաքույրը, հորաքրոջ որդին եւ վերջինիս կինը, իր մյուս հորաքրոջը որոշ ժամանակ հյուրընկալելով Երեւան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, այնտեղ սպանել են նրան եւ թաքցրել դին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 1937թ. ծնված Ն. Յաղուտյանի ամուսնու ազգականները, իմանալով, որ Յաղուտյանն ունի մեծ քանակությամբ ոսկյա զարդեր, դրանց տիրանալու նպատակով վերջինիս սպանել են Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվողիրենց տանը, գողացել նրա ոսկյա զարդերը եւ դին թաղել տան ննջասենյակներից մեկի տակ գտնվող նկուղում:
Նշված հասցեում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության արդյունքում տան ննջասենյակի տակ գտնվողնկուղում հայտնաբերվել եւ առգրավվել են մարդու դիակի մասունքներ` գանգ, ոսկորներ, ինչպես նաեւ հագուստներ եւ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր:
47-ամյա տղամարդը ձերբակալվել է` իր մոր քեռու կնոջը` Ն. Յաղուտյանին սպանելու կասկածանքով եւ տվել խոստովանական ցուցմունք:
Իրավապահների կողմից այս բացահայտումը մի շարք հարցեր առաջ քաշեց. ինչպե՞ս է իրավապահներին հաջողվել 14 տարվա սպանությունը բացահայտել:
Մեզ հասած տեղեկություների համաձայն` սպանության հեղինակները որոշ ժամանակ առաջ տարաձայնություններ են ունեցել, եւ նրանցից մեկը ասել է, որ գնալու է իրավապահների մոտ եւ հայտնելու է, թե 14 տարի առաջ ինչ են արել: Ենթադրյալ սպանություն կատարող անձանցից մեկը դիմում էոստիկանություն եւ պատմում է, թե ինչ են արել 14 տարի առաջ, եւ իրավապահները գնում են հաղորդում տված անձի հետքերովու բացահայտում են կատարվածը:
Ստացվում է` եթե ենթադրյալ սպանություն կատարող անձանցից մեկը չպատմեր ոստիկանությանը, ապա այդպես էլ Երեւան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում Ն. Յաղուտյանին սպանելու մասին չէր իմացվի: Նշենք, որ Յաղուտյանին ճանաչողները իմացել են, թե, իբր, նա գնացել է Ռուսաստան եւ այնտեղ էլ մահացել է:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՔԿ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ, կազմվել է քննչական խումբ: