Կրակոցներ Նորատուսից Գավառ տանող ճանապարհին. 2 անձանցից մեկը մահացել է
Նոյեմբերի 2-ին, ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը: Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուսից դեպի Գավառ տանող ճանապարհին:
Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են УАЗ մակնիշի 31 ԼՏ 878 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 5 պարկուճ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել է 20-ից ավելի կրակոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին մարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ, երբ տեղեկացվել էր, որ այնտեղ իր հորը ծեծի են ենթարկել: