Վարչապետը ընդունել է Տիգրան Մանսուրյանին և կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին, գերմանացի ջութակահար Գիդոն Կրեմերին, չինացի ջութակահար Նինգ Ֆենգին, ջութակահար Շուշան Սիրանոսյանին, լատվիացի թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեին, իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոյին, ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին, փառատոնի համակազմակերպիչներ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին:

 

Ինչպես հայտնում են կառավարույան մամուլի ծառայությունից, դիմելով փառատոնի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Մենք կարևորում ենք մեր երկրում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի անցկացումը: Ինձ համար, մեր կառավարության համար մշակույթը քաղաքացիների հարաբերությունների որակական մակարդակի բարձրացման, ինչպես նաև կրթական կարևոր գործառույթ ունի: 

 

Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաև կարևոր մշակութային բովանդակություն ուներ, և մեր կառավարության առաջնահերթություններից է մեր քաղաքացիներին մշակույթին ավելի հաղորդակից դարձնելը, մշակույթին մոտեցնելը»:

 

Փառատոնի համակազմակերպիչ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այս բացառիկ փառատոնը միավորել է ժամանակակից մեծանուն կոմպոզիտորներին: Այն անցկացվելու է նոյեմբերի 1-9-ը, և համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է մասնակից կոմպոզիտորներից մեկին, ներկայացվելու են նրանց ստեղծագործությունները։ Համերգները կայանալու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

 

Վարչապետը և «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցները մտքեր են փոխանակել մշակույթի, դասական երաժշտության, արվեստի այլ ճյուղերի քարոզման ու տարածման, մշակույթի կրթական բաղադրիչի զարգացման, մշակութային հաստատությունների գործունեության շուրջ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության կողմից այս ուղղություններով ընթացիկ ծրագրերը և նախատեսվող միջոցառումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով պետության կողմից ոլորտին տրվող կարևորությունը: Փառատոնի մասնակիցները ողջունելի և կարևոր են համարել ՀՀ կառավարության՝ մշակութային կյանքի ակտիվացմանը միտված նախաձեռնությունները և հրավիրել վարչապետին մասնակցելու «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի համերգներին:

 

Վարչապետ Փաշինյանը հաջող ընթացք է մաղթել «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին, շնորհակալություն հայտնել հրավերի համար և նշել, որ սիրով ներկա կգտնվի փառատոնի համերգներից մեկին:

 

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Քաղաքականություն