Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգով մեկնարկեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնն աշխարհի տարբեր երկրներից Երևան կբերի մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն և Կառլ Ջենկինսին: Նրանց կմիանա սիրված մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը մեկնարկեց նոյեմբերի մեկին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն նվիրվեց  մաեստրո Տիգրան Մանսուրյանին:

 

Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը կատարեց իտալացի անվանի թավջութակահար Մարիո Բրունելոն: «Բազմիցս կատարել եմ Մանսուրյանի կոնցերտը‚ սակայն առաջին անգամ եմ  այն Հայաստանում ներկայացնելու‚ ինչի համար շատ ուրախ եմ։ Ինձ դուր է գալիս երաժշտության լեզվով խոսելու մանսուրյանական ոճը»‚-ասաց  Բրունելոն։

 

Տիգրան  Մանսուրյանն էլ նշեց, որ սա նմանը չունեցող իրադարձություն է հայ երաժշտության բնագավառում: «Ուրախ եմ, որ իմ վաղեմի ընկեր Ալեքսան Սիրանոսյանի դուստրը` Շուշան Սիրանոսյանը կատարելու է իր ստեղծագործություններից մեկը, իսկ Մարիո Բրունելոն թավջութակի վարպետ է: Մի քանի տարի է, ինչ  սպասում  եմ, որ նա գա Հայաստան ու ելույթ ունենա այստեղ: Վերջապես դա տեղի ունեցավ»,- նշեց կոմպոզիտորը:

 

Փառատոնի ընթացքում, որն անցկացվելու է մինչև նոյեմբերի 9-ը, հայտնի կոմպոզիտորների գործերը կկատարեն մեծ հռչակ վայելող դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ:

 

Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվների. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ» դպրոցի երգչախումբը։ Համերգները կկայանան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

 

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Քաղաքականություն