Բացարձակ հավասարության մասին խոսք գնալ չի կարող. Բադասյանը՝ ՔԿՀ–ների մասին
Արտոնյալներ ՔԿՀ-ներում, այն ծավալով, որը կար առաջ, հիմա չկա։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք նախարարությունը կարողացե՞լ է դատապարտյալների ներսում զսպել անհավասար իրավիճակը։
«Բացարձակ հավասարության մասին խոսք գնալ չի կարող, հնարավոր չէ մի քանի ամսվա մեջ էապես փոխել իրավիճակը»,– ասաց նա։
Նախարարն ասաց, որ արդեն ունեն դրական տեղաշարժ. եթե նախկինում դռների բաց-փակ պահելու խնդիր կար, ապա հիմա այդ հարցը լուծված է.
«Խնդիրը խցերի դռները բաց-փակ փահելու հետ է, որ որեւէ մեկն առավելություններ չունենա։ Այդ առումով ունենք առաջընթաց։ Կարող ենք ֆիսքել, որ արտոնյալներ ՔԿՀ-ներում այն ծավալով, որը կար առաջ, հիմա չկա։ Ասել, որ մենք խնդիրը լուծել ենք՝ ոչ»։
Նա նշեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում արգելված իրերի ներթափանցումը կանխելու ուղղությամբ. «Աշխատանքներ են տարվում նաև կրճատելու դատապարտյալներին հագուստ եւ նմանատիպ իրեր ուղարկելը, դա նաեւ ընտանիքների բեռի կրճատում կլինի»։