Վերին Լարսում սպասող «Սպայկա» բեռնատարներում գտնվող մթերքը փչանում է. վարորդները ահազանգում են
«Սպայկա» ընկերությունն ահազանգում է՝ արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, կանգնած են Վերին Լարսի անցակետում:
«Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք:
Տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրն ընկերությունը տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
2019-ի հոկտեմբերի 14-ից «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, որոնց չեն թույլատրում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Բեռնատարներից մեկի մեջ ՀՀ-ում արտադրված 20 տոննա բարձր որակի թանկարժեք կապույտ բորբոսով պանիր է, իսկ մյուսի մեջ՝ 18 տոննա խաղող և 1 տոննա կապույտ բորբոսով պանիր: Բեռն անցնում է մաքսային ստուգում, ինչի հետ կապված դեռևս 2019-ի հոկտեմբերի 14-ին բեռնափոխադրվող պանրից վերցվել են փորձանմուշներ, իսկ ընկերությունն իր հերթին մաքսային գործառնություններն արագացնելու համար մեկ օրվա ընթացքում տրամադրել է բոլոր պահանջվող և լրացուցիչ փաստաթղթերը, այդ թվում՝ անասնաբուժական սերտիֆիկատը, կապույտ բորբոսով պանրի արտադրության տեխնիկական պայմանները, արտադրության տեխնոլոգիական սխեման:
Տրամադրվել է նաև ընթացիկ արտադրությունը նկարագրող տեսանյութեր, ինչպես նաև հայաստանյան և ռուսաստանյան լրատվամիջոցների ռեպորտաժները «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացման վերաբերյալ, ինչին ներկա էին, ի թիվս այլոց, ՀՀ վարչապետը, կառավարության անդամներ, ՌԴ, ԳԴՀ արտակարզ և լիազոր դեսպանները:
Կապույտ բորբոսով պանիրը «Սպայկա» ընկերության նոր արտադրանքն է, որն իր տեխնոլոգիական պայմաններով և որակով կարող է համեմատվել եվրոպական լավագույն պանրագործների արտադրանքի հետ:
Վերին Լարսի անցակետի մաքսային ծառայութունը կամայական խոչընդոտներ է հարուցում ընկերության կողմից հայաստանյան արտադրության պանիրը ԵԱՏՄ շուկայում ներկայացնելուն և արտահանելուն, ինչը վտանգի տակ է դնում ընկերության գործընկերներին պանրի մատակարարման պայմանագրերի իրականացումը, շուրջ 15 մլն եվրո ներդրումների արդյունավետությունը, հայաստանյան ֆերմերներից կաթի հետագա մթերումները, ԵԱՏՄ տարածքում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ազատ տեղաշարժը և առևտուրը»: