Քոչարյանի պաշտպանները դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն են ներկայացրել «Փաստինֆո»
Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը համապատասխան միջնորդությունն արդեն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։
Նրա փոխանցմամբ՝ միջնորդությունը անցյալ շաբաթվա վերջին է ներկայացրել։ «Մեծ հույս ունեմ, որ Արդարադատության նախարարությունը պատշաճ կարձագանքի։ Նկատել եմ միտում, որ Արդարադատության նախարարությունը իսկապես փորձում է ավելի պրոակտիվ լինել նման հաղորդումների դեպքում»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ ներկայացված փաստական հանգամանքները բավարար են կարգապահական վարույթի հարուցման և հարցը ԲԴԽ-ում քննարկման առարկա դարձնելու համար։
«Այլ կերպ ասած՝ փաստաբանները չեն կարող հարցն անմիջապես հասցնել ԲԴԽ, այլ՝ միջնորդավորված։ Հնարավոր օղակներից մեկը Կարգապահական հանձնաժողովն է և երկրորդը՝ Արդարադատության նախարարությունը։ Ես այս պահին անկեղծորեն բավականաչափ հույս ունեմ, որ Արդարադատության նախարարությունն ընթացք կտա նման ակնհայտ խախտումներին՝ նման տեսակ դրսևորումներին, երբ ինքնաբացարկի ակնհայտ հիմքերի պարագայում, դրանց նույնիսկ ընթացք չի տրվում դատավորի կողմից»,- նշեց Վարդևանյանը։ Նա ընդգծեց, որ դատավորները հաճախ սեփական նախաձեռնությամբ են ինքնաբացարկ հայտնում։
«Այս պարագայում կարելի է ասել՝ մինչև դատավոր Արղամանյանի կողմից որոշում կայացնելը, իսկ վերջինս արդեն վարույթ էր ընդունում, ԶԼՄ-ներում արդեն իսկ տարածվել էր բավականին հետաքրքիր նյութեր ՝ իր անաչառության խնդրահարույց լինելու վերաբերյալ։ Այս պարագայում առնվազն դրան կարող էր անդրադարձ կատարել՝ թեկուզ ինքնաբացարկ չհայտնելով, բայց այստեղ նույնիսկ անդրադարձ չի եղել»,- շեշտեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ դատավոր Արղամանյանը նման դեպքում պետք է հայտներ ինքնաբացարկ։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում