Հերթական «ծխախոտային բոլոլան» հասարակական տրանսպորտում
Ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ էր հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը:
Այսօրվա գրառման մեջ Խաչատրյանը հայտնել է, որ «Երևանտրանսից» արձագանքել են կատարվածին.
««57 համարի մարշրուտկա (ավտոն համարներով նկարի մեջինն ա), ծխող վարորդ, ես․
-Որ խնդրեմ, կհանգցնե՞ք սիգարետը։
-Հիմա չէ։
-Բա ե՞րբ։
․․․ֆռռում ա, նողկանքով ու ատելությամբ նայում ա ինձ, բան չի ասում։
– Տեղյա՞կ եք, որ հանրային տրանսպորտում ծխելն արգելված ա։
-Ո՞ւմ ա արգելված։
-Բոլորին։
-Ինձ ոչ մեկ չի կարա բան արգելի, ես ինչ կուզեմ կանեմ։
-Ախր հանգիստ խնդրեցի, չէ՞, ինչի՞ եք բարդացնում ամեն ինչ ու խնդիրներ ստեղծում։
-Ո՞ւմ համար։
-Ձեր։
-Տո դու ո՞վ ես, ի՞նչ կարաս անես, հըլը իջի մեքենայից։
-Չեմ իջնում, Դուք չեք կարա ինձ իջացնեք, ու զանգելու եմ համապատասխան բաժին, բողոքեմ, որ ծխում եք։
Ու ըստեղ, ուշադրություն, խառնվում են մի խումբ կանայք, որոնց ամբողջ կյանքում երևի ասել են, որ իրենք ոչնչություն են, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, մենակ տղամարդու կցորդ են, որևէ իրավունք չունեն ու պիտի տղամարդուն մենակ ծառայեն, էն տեսակն ա, որ մոլախոտի նման օգուտ չի տալիս, մյուսների աճին էլ փորձում ա խանգարել։
– Հա, լավ, ինչ մի պատմություն ես սարքել, թող մի հատ էլ ծխի, քեզ ինչ։ Գործ տվող եք սաղդ։ Մարդն ամբողջ օրը էս քանդած ավտոն ա քշում։
Ես․
– Դե, եկեք պահանջենք, որ նորմալ ավտոբուսներ բերեն, նորմալ պայմաններ ապահովեն։
Չեն ընկալում, իրանց են ճղում, նույն էն վիդեոյի նման, էլ գործ տվող, էլ անամոթ, ինչ ասես՝ չասացին, մեկն էլ երկու անգամ սպառնաց հեռախոսը տալ գլխիս։ Անգամ ասում ա․
-Վայ, էս վարորդից շատ ներվայնացա, մարդուն չեն էլ թողնում ծխի մի հատ։
Ու ինչ մարդու իրավունք, ինչ մաքուր օդ, ինչ անվտանգություն, ինչ օրենք, մարդիկ սուտի «պանյատներով» են առաջնորդվում ու քեզ էլ փորձում պարտադրել։ Ու սրանց խոսալուց էս վարորդն ավելի ա ոգևորվում։ Ովքեր էլ, հնարավոր է` իմ հետ համամիտ էին, իհարկե, ձայն չհանեցին։ Հենց մարշրուտկայի մեջից զանգել եմ «Երևանտրանս», բողոքս գրանցել են։ Որ տեսավ զանգում եմ, թե՝ բա, ես էլ կասեմ, որ չեմ ծխել, սիգարետն էլ գցել էր, կնիկներն էլ ասացին, որ կհաստատեն, որ չի ծխել, ու ես շառ եմ անում։
Իջնելուց էլ 50 դրամ տվեցի, ասացի՝ էս ա ձեր ծառայության գինը։
էս վիճակը լուծում կստանա՞ մի օր, ինչքա՞ն կարելի ա հանդուրժել, ինչի՞ պետական կառույցները չեն կատարում իրենց գործառույթները, ինչի՞ քաղաքացիներն ամեն անգամ պիտի անցնեն էս ամեն ինչի միջով։
P. S. Ու սենց դեպքերը մենակ իմ հետ չեն լինում, ուղղակի ես օրական 4-ից ավելի անգամ տրանսպորտ եմ նստում ու միշտ խնդրում եմ հանգցնել սիգարետը, 90%-ը հանգիստ հանգցնում ա, բայց հանդիպում են նաև սենցները, քանի որ տրանսպորտում ծխելը համատարած երևույթ ա ու սրանց նմաններն էլ քիչ չեն ղեկին, ու ժամանակ առ ժամանակ հանդիպում են նման ոչ ադեկվատները, որոնց էդքան մարդկային կյանքեր են վստահված
Նոր «Երևանտրանսից» զանգեցին, ասացին, որ վարորդին խիստ նկատողություն են անելու ու տուգանք։ Նաև ասաց, որ երբ իրենց տեսուչները ստուգումներ են անում տրանսպորտում ու տուգանում են ծխող վարորդներին, ուղևորները հարձակվում են տեսուչների վրա, վիրավորում, վարորդին պաշտպանում»: