Արգենտինայում` Ադրբեջանի դեպսանը հակահայկական արտահայտություններ է արել
Արգենտինայում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները հակահայկական արտահայտություններ են արել։ Նրանց աջակցել են այդ երկրներում Արգենտինայի նախկին դեսպանները` շեշտելով, որ արտահայտում են իրենց անձնական կարծիքը, այլ ոչ թե Բուենոս Այրեսի դիրքորոշումը։
Արգենտինայում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները թույլ են տվել հերթական հակահայկական արտահայտությունները հանրային միջոցառման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Արգենտինայի հայ համայնքի Diario Armenia պարբերականը։
«Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան» խորագրով միջոցառումը կազմակերպել է Քիլմես քաղաքի համալսարանը, որը տեղի է ունեցել Արգենտինայի խորհրդարանում։
Դրան մասնակցել են Արգենտինայում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի գործող դեսպանները, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում Արգենտինայի նախկին դեսպանները։ Վրացի դեսպան Իրակլի Քուրաշվիլին չեզոք է պահել իրեն, իսկ մնացած հավաքվածները մի շարք հակահայկական հայտարարություններ են արել։
Այսպես, Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը հայտարարել է, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար։ Թեման զարգացրել է Ադրբեջանում Արգենտինայի նախկին դեսպան Կառլոս Ռիվան` հայտարարելով, որ Արգենտինան կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Միաժամանակ նա չի մոռացել շեշտել, որ հայտնում է իր անձնական կարծիքը (ո՛չ Արգենտինայի ղեկավարությունը, ո՛չ հանրապետության ԱԳՆ–ն նման հայտարարություններ չեն արել` խմբ.)։
Իր հերթին Թուրքիայում Արգենտինայի նախկին դեսպան Խուլիան Տետամանտին հայտարարել է, որ հայկական հարցը «երկու երկրների հարաբերությունների զարգացման ճանապարհին առկա փորձաքարերից է»։
Ընդարձակ ելույթ է ունեցել Արգենտինայում Թուրքիայի դեսպան Վուրալ Ալթայը։ Սկզբում նա չի մոռացել հիշատակել, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Միաժամանակ նա մոռացել է նշել, որ Թուրքիան աջակցում է Կիպրոսի և Սերբիայի տարածքներում անօրինական կազմավորումներին։
Այնուհետև նա արտահայտվել է հայկական հարցի մասին։ Նրա կարծիքով` Հայաստանն օգտագործում է Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական շահարկումների և Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Այնուհետև Ալթայն անդրադարձել է Արգենտինայի հայ համայնքին։ Այստեղ նա վերջնականապես կորցրել է դիվանագիտական զսպվածությունը և անցում կատարել բոլորին լավ ծանոթ օսմանյան տրամաբանությանը` «նրանք մեզ խանգարում են, ուրեմն չպետք է լինեն»։
«Բոլորին հայտնի է, որ Արգենտինայում ապրում է մեծությամբ չորրորդ հայ համայնքը` Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Ֆրանսիայից հետո։ Հայ համայնքը մինչև հիմա շատ ակտիվ է։ Նրանք շարունակում են արգելք մնալ մեր երկկողմ հարաբերությունների համար», – հայտարարել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...