Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զուրաբյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի, և կա վարկած, որ այդ քաղաքացին նշված վայրում է հրազենային վնասվածքներ ստացել։ Դեպքի վայրում բացօթյա նստարանի մոտ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում