Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ բանակցային գործընթացը մտել է փակուղի. Ռուբեն Հակոբյան

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը մի բան էլ մեղմ է նկարագրում Հայաստանում տիրող այսօրվա իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությանը: 

«Այն ինչ նշված է, նույնիսկ մեղմ է բնութագրում,  արձանագրում այն  իրավիճակը, որն այսօր կա Հայաստանում: Եւ նման  ակումբների գոյությունը ցանկացած իրավիճակների համար անհրաժեշտ է,  պետք է քաղաքական փորձ ունեցող մարդիկ հավաքվեն, խոսեն, քննարկեն իրենց պետությունում կատարվող իրադարձությունները: Այս առումով ճիշտ ժամանակին եւ ճիշտ նպատակով նախձեռնություն է»,-ասաց նա: 


Անդրադառնալով` Մանուկյանի շեշտադրումներից Արցախի խնդրին, նա նշեց, որ ինքը եւս կարող է փաստել, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել: 

«Արցախի հարցը երբեք այսքան անհասկանալի եւ դիվանագիտորեն երբեք այսքան մեկուսացված չի եղել, ինչպիսին այսօր է: Հեռանկարը շատ անհասկանալի է, որովհետեւ չունենալով հստակ ծրագիր Արցախի հարցում  նա մի դեպքում ասում է, որ մանդատ չունի Արցախի հարցով խոսելու,  մի դեպքում ասում է, որ պետք է այնպիսի լուծում լինի, որ բավարարի, թե Արցախին, թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ հանկարծ Արցախում  հայտարարում է` Արցախը Հայաստանն է եւ վերջ, ինչը փաստորեն լուրջ պրովոկացիոն հնարավորություն է  Ադրբեջանի ձեռքին, որ Ալիեւն էլ հայտարարի «Արցախը Ադրբեջանն է եւ վերջ»: Այսինքն բանակցային այդ ամբողջ գործընթացը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մտնում է փակուղի: Եւ պատերազմի հավանականությունը շատ տեսանելի է»,-ասաց նա: 

Անդրադառնալով պարոն Մանուկյանի մյուս շեշտադրմանը, որ հասարակությունում ատելության մթնելորտ է ձեւավորվել, նա ասաց, որ հասարակությունը երբեք այսքան բեւեռացված չի եղել. «Այսքան սեւերի եւ սպիտակների, մերոնց եւ ձերոնց բաժանված չի եղել հասարակությունը, դա ակնհայտ է եւ դա մեծ շռայլություն է պատերազմող պետության համար, երբ հասարակությունը բեւեռացվում է եւ սեւերի ու սպիտակների արանքում ատելությունն է, չարությունը, անհանդուժողականությունը»: 

Ռուբեն Հակոբյանը անդրադառնալով դատարանների շրջափակմանն ասաց, որ դրանով փորձ էր արվում դատական իշխանությունը գործադիրի կողմից վերցնել վերահսկողության տակ: 

«Եվ դրա տրամաբանական շարունակությունը այն էր, որ Սահմանադրական դատարանը, որը պետության սյուներից մեկն է,  փաստորեն երեկ ԱԺ-ն գրոհ ձեռնարկեց  Սահմանադրական դատարանի վրա: Դա ոչ մի լավ բան չի խոստանում: Դատական իշխանությունը որպես այդպիսին այսօր մեծ ճնշման տակ է եւ այսօր դա ղեկավարվում է գործադիր իշխանության, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց նա: 

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Մարտի 1-ի դատավարությունը այն պահից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ամբողջապես բացահայտված է, որեւէ կապ չունի իրավական գործընթացի հետ: 

«Եթե հաշվի առնենք գաղտնալսումը, ապա շատ հստակ էր, որ վարչապետի կողմից կար պատվեր, որպեսզի անպայման իրականացնեն այն ծրագիրը, որը գրել էր Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն այս 1.5 տարվա գործունեության ընթացքում առաջին պլան է մղվել Մարտի 1-ը եւ բացարձակ քաղաքական հարթության վրա փորձ է արվում ամբողջ հետագա իշխանավարության առանցքում դիտել Մարտի մեկը, որը արդեն կարծում եմ, որ ժողովրդի մոտ էլ պարզ է, որ իրավաբանության,արդարադատության հետ կապ չունի, դա պարզ վրեժխնդրություն է, քաքաքական վրեժխնդրություն է, որը առաջիկայում ես կարծում եմ, որ ավելի  պարզ իր դրսեւորումները կունենա»,-ասաց նա: 

Նա հավելեց, որ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի հետ համագործակցում է եւ ակումբի շնորհանդեսի ժամանակ որոշ փակագծեր կբացվեն: 
 

Քաղաքականություն