Կառավարությունում քննարկվելու է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրատվություն ընդունելու հարցը

Կառավարության այսօրվա օրակարգում ընդգրկված է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ Գույք), որպես նվիրատվություն ընդունելու հարցը։

 

Նշենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն , մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը և ցանկություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը նվիրել ընկերության կազմում գտնվող և ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք շինությունները և հյուրանոցի ներսում առկա շարժական գույքը։

 

Պետական գույքի կառավարման կոմիտեում «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ կայացած մի շարք հանդիպումների և քննարկումների արդյունքում «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի կողմից Կոմիտե է ներկայացվել նվիրատվության գործընթացի ապահովման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող Գոլդեն Փելիս հյուրանոցային համալիրի շենք շինությունների և հյուրանոցի ներսում առկա շարժական գույքի շուկայական արժեքի գնահատում, համաձայն որի 19.04.2019թ. դրությամբ շենք շինությունների շուկայական արժեքը կազմել է 7 214 000 000 ՀՀ դրամ, իսկ 3257 միավոր շարժական գույքի շուկայական արժեքը 11.06.2019 թ. դրությամբ՝ 312 889 000 ՀՀ դրամ։

 

Ներկայացված նախագծով սահմանվել է, որ նշված գույքն ամրացվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

 

Հաշվի առնելով, որ հյուրանոցային համալիրում առկա է 3257 միավոր միավոր շարժական գույք, որի շուկայական արժեքը կազմում է 312 889 000 ՀՀ դրամ, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի պահառության համար ՀՀ բյուջեով գումարներ հատկացված չեն՝ նախագծով առաջարկվում է գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել ՀՀ ոստիկանությանը մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գույքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը։

 

Քաղաքականություն