«168 ժամ». Վարչապետի քավոր Հայկ Ղալումյանն անանձամբ է այցելում կալանավորվածների հարազատներին և խոստումներ տալիս ազատության դիմաց

 «168 ժամ» թերթը գրում է. 

 

Իջևանյան անտառահատների ու ոստիկանության՝ հուլիսի կեսերին տեղի ունեցած բախումների ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հասարակական լուրջ հուզումներ եղան Տավուշի մարզում։ Եղան նաև ձերբակալվածներ, որոնցից 13 անձի մեղադրանք առաջադրվեց։ Նրանցից 10-ը կալանավորվեցին։

 

Եվ ահա 168.am-ին տեղեկություններ հասան, որ իջևանյան բախումների դեպքերով կալանավորված անձինք գտնվում են ազատության մեջ, և դա կապված է Իջևանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ։ Ներկայիս իշխանությունները, ովքեր մշտապես քննադատում էին նախկիններին ընտրություններից առաջ բանտերում գտնվող թաղային հեղինակություններին ազատ արձակելու և ընտրությունների ժամանակ ձայներ բերելու համար նրանց օգտագործելու մեջ, այժմ,  փաստորեն, իրենք են հաճույքով օգտվում այդ ռեսուրսից և իջևանյան բախումների ժամանակ առավել ակտիվություն ցուցաբերած կալանավորված անձանց ազատ արձակում, թերևս, համապատասխան ծառայության դիմաց։

 

Գաղտնիք չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը, նշանակել է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ քաղաքապետի ընտրություններում արդեն իսկ նրան ընտրված քաղաքապետ տեսնելու ակնկալիքով։

 

Ի դեպ, Իջևանի քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային սեպտեմբերին, սակայն, քանի որ ծառահատումների դեպքերով բախումներից հետո այստեղ մեծապես սասանվել էր Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, և սեպտեմբերին նրա թեկնածուն հաղթելու շանս չէր ունենա, որոշվեց այն տեղափոխել ավելի ուշ ժամկետներ, որպեսզի կարողանան լավ նախապատրաստվել, որ անակնկալներ չլինեն։

 

Իջևանում խոսում են, որ վարչապետի քավոր Հայկ Ղալումյանն անձամբ է այցելում կալանավորվածների ընտանիքներին, խոստանում միջնորդել վերջիններիս ազատ արձակել, միայն թե նրանք ընտրությունների ժամանակ աշխատեն իր օգտին ու ձայներ բերեն։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն