
Սեպտեմբերի 21-ի համար նախատեսված սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում

Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա բոլոր տոնակատարությունները կենտրոնանալու են Գյումրիում: Որոշումը վարչապետինն է, այն սիրով ընդունելը՝ Գյումրիինը:
Տևական ժամանակ, սակայն, չկար հստակություն, թե տոնակատարության շրջանակներում ովքեր եւ ինչեր են կազմակերպելու, ինչպես է անցկացվելու պատմական այդ օրը Գյումրիում: Քանի դեռ հանդիսության այդ մասը խմորման փուլում էր, Գյումրիում հայտնվեցին Անկախության տոնի ցուցապաստառները, որոնք միանգամից արժանացան գյումրեցիների քննադատությանը: Ինչպես հենասյուներին ամրացված մեծ պաստառներն, այնպես էլ Ռիժկովի ճեմափողոցում շարվածները զայրացրել են գյումրեցիների մեծ մասին:
Դրանք ուղղագրական կոպիտ սխալներով են արված, գյումրեցիները դրանք նաեւ անընթեռնելի եւ չափազանց տգեղ են համարում:
Այն, որ պաստառներում առկա են ուղղագրական սխալներ տողադարձումներում՝ փաստ է: Հայոց լեզվի որեւէ մասնագետ չի կարող արդարացնել օրինակ հանրապետություն բառի հետեւյալ տողադարձումը՝ հանր-ապետ-ությ-ուն: Սա հայերենի ուղղագրության ոչ մի կանոնի չենթարկվող տողադարձում է: Նման եւ այլ սխալ ուղղագրությամբ պաստառները սփռված են Գյումրիում:
Գյումրիում որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում պաստառների ոչ տպագրման, ոչ փակցման համար: Անկախության տոնի ամբողջ գործառույթը ՀՀ վարչապետի աշխատակազմինն է:
Ինչու՞ են պաստառներում առկա սխալ տողադարձումներ, եւ ո՞վ է տվել այդ պաստառների տպագրման համաձայնությունը: ՀԺ-ի հարցերին պատասխանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Լուսինե Դայան: Ասաց, եթե հաստատվել է, ուրեմն ընդունելի տերբերակ է եղել:
«Ուղղագրությունը տեսեք, քանի որ դա հաստատվել է, ու պարզ է մի քանի մարդ է դա նայել, եւ ես հույս ունեմ, որ որեւէ մեկը չի կարծում, որ հայերենի ուղղագրությանը չեն տիրապետում այն մարդիկ, ովքեր նայել, հաստատել են: Ուղղակի դա ավելի շատ դիզայներական լուծում է, որովհետեւ եթե նկատել եք որոշակի սիմետրիկություն կա: Ես կարող եմ ասել, որ զուտ էսթետիկ տեսանկյունից եթե հաստատվել է, ուրեմն դա ընդունելի տարբերակ է եղել: Իհարկե այնտեղ, չասեմ խնդիր, բայց այո նույն գծիկները չկան տողադարձերի։ Պաստառը դիտարկվել է որպես ֆեստիվալային:
28-ի դեպքում 8 թիվը նուռի տեսքով է, էնտեղ կինոմատոգրաֆիայի կլորն է, կամ անիվն է, որը Գյումրին է ներկայացնում: Էդ բրենդինգը ավելի շատ երիտասարդական է, դե միջոցառումն էլ որպես այդպիսին շատ թարմ է, ֆորմատով էլ մի քիչ ուրիշ, դրա համար էլ որոշեցինք, որ մի քիչ, կոպիտ ասած, ստանդարտից դուրս լինի»,-ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը:
Լուսինե Դայան որեւէ խնդիր չի տեսնում պաստառներում: Միաժամանակ նշում է, քանի որ հեղինակն ինքը չէ, չի կարող առավել հանգամանալից պատասխանել հարցերին: Հստակ է մի բան. հեղինակը ներկայացրել է, վարչապետի աշխատակազմը՝ հաստատել: Պաստառների հեղինակն էլ «Ոսկե Ծիրան 2019» միջազգային կինոփառատոնի պաստառների հեղինակ Վիլյամ Կարապետյանն է:
Գիտե՞իք, որ Գյումրիում նման դժգոհություններ կան՝ ուղղագրական սխալներով եւ անընթեռնելի պաստառների հետ կապված հարցին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը պատասխանեց՝ լսել ենք, բայց լավ կարծիքներ էլ ենք լսել: «Արձագանքն իհարկե միանշանակ չէր, ինչպես լինում է նման բոլոր բրենդինգների դեպքում: Քաղաքացու օրն էլ այդպիսի խնդիր կար: Դիզայնն այնպիսի բան է, որ չի կարող բոլորի կողմից միանշանակ ընկալվել, հիմա նույն Երեւանում մարդիկ կան ասում էին անընթեռնելի է ու չի հասկացվում, մարդիկ էլ կային, օրինակ Գյումրիից էլ արձագանքներ էին հասել, որ շատ լավն է: Մեզ հասած տեղեկություններով՝ այնպես չի էլի, որ մեծ մասն ասում է շատ վատն է»:
Շատ լավի կամ շատ վատի արանքում ուղղագրությունը չի տեղավորվում: Եթե շատ վատ դիզայնով, բայց ճիշտ տողադարձումներով պաստառներ փակցվեին Գյումրիում, հավանաբար դժգոհությունն այնքան մեծ չէր լինի, որքան հիմա է: Պատասխանատուն վստահեցնում է, առաջիկա օրերին քննարկում է կայանալու, որի ժամանակ էլ հստակեցվելու են ծագած բոլոր հարցերը:
Իսկ ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 21-ին Գյումրիում լայնածավալ միջոցառումներ են անցկացվելու: Դրանք եւս կազմակերպել եւ իրականացնելու է վարչապետի աշխատակազմը: Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ իրենք զուտ խորհրդատվական գործառույթ ունեն այս անգամ: Ընդամենն ուղորդում են, թե որ փողոցում ինչ կարելի է անել, եւ թե որ արտիսիտին, համույթին ու նվագախմբերին կարելի է հրավիրել:
Տոնական միջոցառումները մեկնարկելու են ժամը 11:00-ից: Գյումրու կենտրոնական զբոսայգում ժամը 11:00-ից մինչև 23:00-ն առանձին տաղավարներով ներկայանալու են Երևանում հայտնի բարերն ու սրճարանները: Այգին հետաքրքիր է լինելու հատկապես վինիլ և էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար:
Ժամը 12:00ից 17:00-ն Շահումյան փողոցում ցուցադրվելու են գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Նույն ժամից մինչեւ 23:00-ն Աբովյան փողոցում Գյումրու հայտնի ռեստորաններն ու սննդի կետերը ներկայանալու են առանձին տաղավարներով: «Իհարկե լինելու է նաեւ մի փոքր ալկոհոլային տաղավար, որ Գյումրիինը չէ, Պռոշյանինն է, սակայն լինելու է նաեւ Գյումրու Գարեջրի գործարանը: Այսինքն՝ այն բոլոր տաղավարները, որոնք լինելու են սննդի հետ կապված, 99 տոկոսվ ներկայացնելու է Գյումրին»,-ասաց վարչապետի աշխատակազմի պատասխանատուն:
Ռուսթավելի փողոցում ՀՀ բոլոր մարզերն իրենց կոլորիտով ներկայանալու հնարավորություն են ունենալու: Ռուսթավելիից բացի, Շիրակի մարզն իր առանձին տաղավարներով կներկայանա նաեւ Աբովյան փողոցում:
Այդ օրը քաղաքի պատմական միջուկում, ինչպես նաեւ Դրամատիկական հրապարակում կհնչի ամենատարբեր ոճի երաժշտություն՝ դասականից մինչեւ ռոք: Հանրապետությունում հայտնի նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ, երաժիշտներ կմասնակցեն Անկախության տոնին: Վարդանանց հրապարակը կդառնա մանկական ավան, որտեղ փոքրիկները կնկարեն, կուրախանան:
«Փորձել ենք մաքսիմում ներգրավել Գյումրու արտիստներին, համույթներին, եւ դասական հարթակի վրա եւ ռոք ու ազգային երգ-երաժշտության հատվածում: Այսինքն բոլոր այն բեմերում, որտեղ հնարավոր էր ներգարվել Գյումրին, արված է: Մշակութային տեսանկյունից մենք սերտ համագործակցում ենք քաղաքապետարանի մշակույթի բաժնի հետ, որպեսզի կարողանանք մաքսիմալ ապահովենք Գյումրու մասնակցությունը»,-օրակարգը ներկայացրեց Լուսինե Դայան:
«Հոկտեմբեր» կինոթատրոնում կցուցադրվի գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմը, Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացվի լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված է ՀՀ Անկախությանը:
Շիրազի տուն-թանգարանում «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ հանրային քննարկում կկայանա՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ: Անկախության տոնակատարությունը Գյումրիում կեզրափակվի Վարդանանց հրապարակում կայանալիք գալա համերգով, որին կմասնակցեն «Supacooks»-ը (ՀՀ), «Dole & Kom»-ը (Գերմանիա) եւ «Capital Cities»-ը (ԱՄՆ):
Արդյո՞ք Երեւան-Գյումրի եւ հակառակ ուղղությամբ գնացքն արտահերթ չվերթ կիրականացնի եւ կեսգիշերն անց կմեկնի, այնպես, ինչպես արվեց «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ: Հարցը հստակ պատասխան չունեցավ: Նման քննարկում եղել է, հստակեցում՝ ոչ: Առաջիկա օրերին պարզ կդառնա:
Գյումրին անկախ ամեն ինչից տոնին պատրաստվում է մեծ պատասխանատվությամբ: Փողոցաշինությունն ընթանում է լայն թափով, հյուրանոցների, հյուրատների եւ գիշերակացի բոլոր հնարավորություններն են համակարգված: