Մարզպետարաններում կսկսվի օպտիմալացման աշխատանքներ. Սուրեն Պապիկյան
Սեպտեմբերի առաջին տասնօրյակում հանրապետության մարզպետարաններում կսկսվեն օպտիմալացման գործընթացները: Շիրակի մարզպետարանը եւս պետք է պատրաստ լինի: Հարցի մասին այսօր Գյումրիում խոսեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Սեպտեմբերի առաջին տասնօրյակում, օրը չեմ կարող ասել երբ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ես զեկուցողն եմ, զեկուցելու եմ տարածքային կառավարման մասին նոր օրենքը, որի ԱԺ հաստատումից անմիջապես հետո մարզպետարաններում կսկսվի օպտիմալացման իմ խոստացած ծրագիրը, որն արդեն պատրաստ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը: Ըստ նախարարի, ամեն ինչ արվելու է օրենքին համապատասխան: Երկու ամիս առաջ աշխատակիցները կծանուցվեն, այնուհետ մրցութային կարգով կհամալրվի մարզպետարանի նոր հաստիքացուցակը՝ տվյալ մարզի իրական պահանջներին համապատասխան:
Նախարարը նաեւ անդրադարձավ մարզերի համաչափ զարգացումն ապահովելու համար նախարարությունները Երեւանից Գյումրի տեղափոխելու բազմիցս քննարկվող հարցին: «Ես էլ կարող եմ հիմա ամպագոռգոռ հայտարարություններ անել, բայց դրա համար պետք է հիմք ունենանք: Պետք է ունենաք ռեսուրս, խոսքը վերաբերում է եւ նյութատեխնիկական բազային, եւ կադրերին, այդ կադրերին համապատասխան ֆինանսական միջոցով ապահովելուն, բնակֆոնդով ապահովելուն: Եթե մենք որեւէ գերատեսչություն տեղափոխում ենք Գյումրի, եւ Գյումրին պատրաստ չէ համալրել բոլոր կադրային պահանջները, մենք պետք է էդ մարդկանց բերենք Գյումրի: Բայց մենք այսօր չենք կարող էդ մարդկանց վարձատրել այնքան, որ իրենց բնակավայրից հեռու կարողանան դա անել: Այսինքն մեր ոտքը պիտի մեր վերմակին համապատասխան մեկնենք: Կարող է լինի դա, բայց՝ քայլ-քայլ»:
Իսկ ընդհանրապես, ըստ Սուրեն Պապիկյանի, ՀՀ մարզերը պետք է զարգանան բազմակողմ, ունենալու ենք եւ ծանր արդյունաբերություն, եւ թեթեւ արդյունաբերություն եւ ունենալու ենք զբոսաշրջային կենտրոններ: «Ընտրելով քաղաքի զարգացման ուղղությունը, ոնց որ հիմա մենք ֆինանսավորել ենք, որ Գյումրու պատմական միջուկը վերակենդանանա, մենք յուրաքանչյուր քաղաքում պետք է այդ ֆինանսը դնենք, ակնկալելով որոշակի արդյունք»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:
Վայոց ձորն օրինակ, կարո՞ղ է զարգանալ եւ որպես զբոսաշրջային կենտրոն, եւ որպես հանքարդյունաբերական, հարցին Սուրեն Պապաիկյանը պատասխանեց՝ կարծում եմ կարող է: «Նախ այնտեղ կան գործող հանքեր, նաեւ կան տուրիստական կենտրոններ, ունենք լայն հնարավորություն այդ տուրիզմը զարգացնելու: Այս հարցի պատասխանն ակնկալվում է սեպտեմբերի 4-ին»: