Հայաստանում բնակիչների մոտ արձանագրվել է սիբիրյան խոց
Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
Դեպքերի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Արմավիրի մարզի Գետաշեն համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների հետ համատեղ կազմակերպված շրջայցի արդյունքում հայտնաբերվել է ևս 6 հոգի, որոնց մոտ եղել են սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Բոլորն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ կլինիկական վիճակի գնահատման նպատակով:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ 5 հիվանդի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցիչի ԴՆԹ: Համայնքում սահմանվել է բժշկական հսկողություն:
Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որի հետ համատեղ ձեռնարկվել են աշխատանքներ՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով: Աշխատանքները շարունակվում են:
Սիբիրյան խոցով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է՝
- Մի՛ գնեք պատահական վայրերից միս-մսամթերք,
- Մի՛ մոտեցեք անկած (սատկած) կենդանիներին, մի՛ ձեռք տվեք դրանց,
- Եթե պահում եք գյուղատնտեսական կենդանիներ և դրանց շրջանում նկատում եք առողջական խնդիրներ, ապա անհապաղ դիմեք անասնաբույժին,
- Եթե ձեր մաշկային ծածկույթների վրա նկատում եք խոցոտված վերքեր, բշտեր, կարմրակապտավուն բծեր, ապա մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության:
Նշենք, որ սիբիրյան խոցը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ընթանում է մաշկային, հազվադեպ հանդիպում են նաև թոքային և աղիքային ձևերը: Սիբիրյան խոցը փոխանցվում է ընտանի կենդանիներից (խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, ձիեր և այլն) մարդկանց ուղղակի շփման կամ կենդանիներից ստացված մթերքի միջոցով:
Հիվանդության հարուցիչները մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել` մաշկի և լորձաթաղանթի ամբողջականության խախտման (քերծվածք, կտրվածք և այլն), վարակված սննդամթերք (հում վիճակում կամ ծխահարած, ինչպես նաև թերի եփած մսամթերք` երշիկ, մսի ֆարշ) օգտագործելու դեպքում: Վարակվում են հիմնականում կենդանիներին խնամելիս, մորթելիս, մսամթերքը և կաշվեղենը մշակելիս: Վարակվել հնարավոր է նաև պատվաստված կենդանու (մինչ պատվաստումից 14-րդ օրը լրանալը) մսեղիքի հետ շփման ժամանակ:
Սիբիրյան խոցի հարուցիչները կարող են շրջակա միջավայրում (հողում) պահպանվել մինչև 100 տարի:
Մաշկային ձևի ժամանակ մաշկի վրա առաջանում է կարմրակապտավուն բիծ, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտի: Վերջինս քորելիս ինքնաբերաբար պայթում է` առաջացնելով մուգ շագանակագույն հատակով խոց:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Պակաս տեղ չեմ թողնի. հայտարարություն՝ աշխատանքից ազատված փոխմարզպետից
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտա...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...