54 կրթաթոշակառուներից է նաև Լեւոն Տեր–Պետրոսյանի թոռը

«Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը այսօր ներկա էր «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությանը:

 Հանդիմանը ներկա էին աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ուսանողներ: 

 

Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ կրթաթոշակառուները բարձր գիտելիքներով կվերադառնան եւ կզարգացնեն Հայաստանը. «Մենք սրտատրոփ սպասում ենք ձեր վերադարձին՝ հույսով, որ կինտեգրվեք կառավարական տարբեր համակարգեր եւ ձեր գիտելիքները կծառայեցնեք եւ կզարգացնեք մեր երկիրը»։

 

«Իմ քայլ»–ի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ անցած տարվա համեմատ այս տարի կրթաթոշակների քանակը կրկնապատկվել է. «Բացարձակ հավասարություն ունենք սեռերի միջեւ՝ 27 տղա, 27 աղջիկ։ Սա պատահական է ստացվել, մենք դիտավորություն չենք ունեցել հավասարություն պաշտպանելու։ Համալսարանների աշխարհագրությունը տարածվում է 8 երկրներում՝ ՄԵծ Բրիտանիա՝ 25 համալսարան, ԱՄՆ՝ 20, Իտալիա՝ 3, Կանադա՝ 2, Շվեյցարիա, Սինգապուր, Ֆրանսիա, Ավստրալիա՝ մեկական համալսարաններ»:

 

Նրա խոսքով՝ 23–ը սովորելու են բակալավրիատում, 30–ը՝ մագիստրատուրայում, իսկ 1–ը՝ ասպերանտուրայում. «Անցած տարի 517 հազար դոլարի կրթաթոշակ ենք տրամադրել, իսկ այս տարի այդ թիվը ամենայն հավանականությամբ կանցնի մեկ միլիոն դոլարը»։

 

Ղազարյանը նաեւ նշեց, որ նախապես պայմանագրեր են կնքվել կրթաթոշակառուների հետ, որով վերջիներս պարտավորվում են վերադառնալ Հայաստան եւ այստեղ աշխատել։

 

54 կրթաթոշակառուների շարքում էր նաեւ Լեւոն Տեր–Պետրոսյանի թոռը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանը, ով կմեկնի սովորելու Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում։