Վերջին մեկ շաբաթում գրեթե օր չի եղել, որ հրդեհներ չբռնկվեն, մեղավորը մարդիկ են,-ասում է ՇՄ ՃԿԿ պետ Մարդիկ Մկոյանը
Օգոստոսի 29-ին, ժամը 11:23-ին Շիրակի մարզի Ազատամուտ գյուղում հրդեհված խոտածածկ տարածքը հերթականն էր: Վերջին մեկ շաբաթում գրեթե օր չի եղել, որ նման հրդեհներ չբռնկվեն: Հիմնական մեղավորը մարդիկ են,-ասում է ՇՄ ՃԿԿ պետ Մարդիկ Մկոյանը:
Այս մասին հայտնում է armtimes.com-ը:
Հունիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում հրդեհի 182 դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 88-ի դիմաց: 2018 թվականի օգոստոսին հրդեհի 35 դեպք է արձանագրվել, իսկ այս տարի, դեռ օգոստոսը չի ավարտվել, գրանցված հրդեհների թիվն անցնում է 116-ը: «Օր կա 15-ից 18 դեպք է լինում: Հիմնականում այրվում են խոտածածկ տարածքներ: Ցորենն արդեն քաղել են, հիմա գարու քաղն է լինելու, դրանից հետո էլ սկսելու են խոզանը այրել, որպեսզի պարարտանյութ դառնա: Բայց կրակը չի կարելի թողնել առանց հսկողության, միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ չտարածվի: Իսկ իրենք այրում են դաշտը, այնտեղից անկառավարելի կրակը տարածվում է չհնձած արտերի, տների, հենասյուների ուղղությամբ: Նույնը նաև քաղաքում է»,- ասում է Մարտին Մկոյանը:
Այս տարի նաեւ մեծ քանակությամբ անասնակեր է այրվել: Անընդհատ խոտի հակերը բռնկվում են: Բայց դրանում բնությունն, ըստ պատասխանատուի, մեղք չունի: Մարդիկ անասնակերն ամբարում են գոմերի տանիքներում եւ նմանատիպ վայրերում, քիչ չեն նաեւ դեպքերը, երբ հակերը դարսվում են մարդկանց անցուդարձի ճամփեքին: Երբեմն լավ չմարված նետված ծխախոտը կամ լուցկին կարող է ամբող ձմեռվա պաշարը ոչնչացնել:
Բնակելի տներում եւս հրդեհների թիվը փոքր չէ: Դրանք հիմնականում պայմանավորված են էլեկտրական լարերի բռնկումներով: Հին լարեր են, կարճ միացումներ են լինում, այրվում են:
Գյումրիում նախորդ տարիներին հրդեհների պատճառ էր դառնում նաեւ քաղաքային աղբանոցի բաց այրումը: 2019-ին դեռեւս այս մասով դեպքեր չեն գրանցվել: «Մի ժամանակ քաղաքային աղբանոցում մշտապես հրդեհ էր, որը տարածվում էր մինչև հենասյուներ, հասնում ճանապարհին: Աղբն այրում էին, որպեսզի տարածք լինի: Հիմա լավ է, գրեթե չեն այրում»:
Այս տարվա բոլոր հրդեհների վնասները միայն նյութական են, Շիրակի մարզում զոհեր չկան: Չի գրանցվել նաեւ ոչ մի անտառային հրդեհ: