Հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանութան գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. օգոստոսի 25-ին ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1976 և 1960թթ՝ համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք /կլինիկական մահ/ և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Եվս մեկ անձ՝ Երևանի բնակիչ՝ ծնված 1976թ., ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: