Տեսանյութ․ Արմեն Աշոտյանը կոչ է անում ԱԳՆ-ին «Իմ քայլի» պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ կազմակերպել

Լսեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դիվանագետների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի համաժողովին եւ հերթական անգամ ապրեցի խորը հիասթափություն։ 

 

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերից ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

«Արտաքին հարաբերություններում ժողովրդավարությունը չի կարող մեր նման երկրի այցեքարտը լինել: Դնում եմ մի կողմ, արդյոք այսօր Հայաստանը ժողովրդավար է թե ոչ: Դիցուք, այդպես է: Բայց հիշեք 2008 թվականի Վրաստանի եւ 2014 թվականի Ուկրաինայի օրինակները եւ տեսեք, թե ինչ վտանգավոր թեզ եք առաջ քաշում»,-նշեց նա:

 

ՀՀԿ փոխնախագահի համար զարմանալի է վարչապետի խոսքն այն մասին, թե ինքը դառնացած է ԼՂ կարգավորման հարցում նախորդ իշխանություններից ստացած ժառանգությունից. «Ինչո՞վ եք դառնացած: Ո՞ր ստացել եք որպես ժառանգությունը երբեւէ ամենալավ բանակցված փաթեթը: Ո՞ր ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները: Ո՞ր համանախագահները այլեւս չեն շեշտում կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

 

Արմեն Աշոտյանը կոչ է անում ԱԳՆ-ին «Իմ քայլի» պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ կազմակերպել.  «ԱԳՆ-ին կոչ եմ անում իշխանական պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ անել: Ձեր պատգամավորները անգամ ձեզ չեն կարողանում պաշտպանել Ամուլսարի հարցով, ուր մնաց մեր շահերը կարողանան պատշպանել դրսում»:

 

Նա շեշտում է՝ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի հետ զուգահեռների անցկացումը կանխելու համար մշտական աշխատանք է պետք. «Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի հետ, այո, ոմանք փորձում են զուգահեռներ անցկացնել: Ու դա կանխելու համար մշտական աշխատանք է պետք: Մենք դա արել ենք: Վերջապես կարդացեք ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ու համեմատեք ԵՄ-Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա ասոցացման համաձայնագրերի հետ ու տեսեք, թե ինչպիսի հաջողության էինք մենք հասել։ Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում»:

 

Մանրամասները տեսանյութում