Մակունցն «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարում է արձակուրդին կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ »«Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մա­սը դեռ չի մեկնել հանգստանալու։ ՍԴ-ի շուրջ զարգացումները եւ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում։ ԱՍՆ– ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում՝ արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է սեպտեմբերին անցկացվի։ Եթե ձեր տեսակետը բացասական է, լռեք, պետք չէ խոսել, եթե դրական է, բարձրաձայնեք այս ընթացքում՝ հորդորել է նա։

 

Ի դեպ, ֆրակցիայում պատգամավորներ կան, որոնք տեղեկացրել են, որ դեմ են կոնվենցիային, եւ հարցրել են՝ ինչու ենք ամեն գնով ուզում ընդունել։ Մակունցը պա­տասխանել է. նախ՝ նախկիններն են այն ստորագրել, իսկ իրենք ընդամենը վավե­րացնում են, որովհետեւ դա Հայաստան-ԵՄ համաձայնագրի պարտավորություններից է բխում։ Հակընդդեմ փաստարկները, որ կան երկրներ, ինչպես Մեծ Բրիտանիան, որ չեն վավերացրել, արձագանքի չեն արժանա­ցել։ Ի դեպ, պոտենցիալ դեմ քվեարկողնե­րի մեջ են Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Սասուն Միքաելյանը, Հովիկ Աղազարյանը, Սերգեյ Ատոմյանը։ Ակտիվ կողմնակիցներն են ֆրակցիայի սորոսական եւ դրան հարող թեւը, որոնք արդեն իսկ հրապարակային քարոզչություն են անում՝ Մարիա Կարապետյան, Գայանե Աբրահամյան, Սոս Ավետիսյան»։