Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօրվանից դադարեցվում են: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նախշուն Տավարացյանը հուլիսի 19-ին ԲԴԽ նախագահի ընտրությունից հետո հրաժարական էր ներկայացրել։

 

«Հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիություն, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը հրաժարական եմ տալիս՝ որպես ԲԴԽ անդամ և գտնում, որ իմ գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր էլ ավելի կբարձրացնեմ դատական իշխանության հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը», - գրել էր Տավարացյանը իր հրաժարականի նամակում։