ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու զինծառայողները չեն ստացել խոստացված աշխատավարձը. Կառավարության պարզաբանումը
Այսօր արդեն հայտնել էինք, որ Aurora News-ի խմբագրություն են դիմել զինվորական համակարգի աշխատակիցներ, հայտնելով, որ չեն ստացել հունիս ամսվա համար նախատեսված աշխատավարձն ամբողջությամբ։
«Հերթական սուտ ինֆորմացիան է տարածվում կառավարության, ՊՆ-ի ու ԶԼՄ-ների կողմից, թե զինծառայողների աշխատավարձը բարձրանում է: Այնինչ բուն աշխատավարձը մնում է նույնը, և ավելանում են տարատեսակ հավելավճարները: Իսկ դա, բոլորս էլ գիտենք, որ արվում է հետագայում թոշակները չբարձրացնելու նպատակով: Սա է իրականությունը»,- գրել են մեզ դիմած քաղաքացիները։
Կապ հաստատելով նրանց հետ, հետաքրքրվեցինք՝ զորամասում հարցրե՞լ են, թե որն է խնդիրը, նշեցին․«Բարձրաձայնել ենք հարցը, ասացին, թե հուլիսին կստանաք հունիս ամսվա քիչ ստացած գումարը, հետո ասացին, թե որոշ զորամասերում ստացել են, ֆինանսական փոխանցումների հետ է կապված, որ մենք չենք ստացել, և այլն և այլն։ Այնպիսի իրավիճակ է, որ ոչ մեկ մեզ կոնկրետ ու հստակ բան չի ասում»։
Տեղեկացանք նաև, որ Պն աշխատակիցները օրինակ՝ հունիս ամսվա աշխատավարձը ստանում են նույն ամսվա վերջին։
Նշենք՝ մայիսի 30-ին գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 1-ից զինվորականների աշխատավարձերը կբարձրանան։ «Աշխատավարձերը բարձրանում են հունիսի 1-ից, այսինքն՝ հուլիսին կստանան բարձրացված աշխատավարձը»,- նշել էր վարչապետը։
Aurora News-ը խնդիրը հասկանալու նպատակով կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյանի պատասխանը՝ տեսանյութում։
Դիմեցինք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին: Մեզ պատասխան նամակ ուղարկեց Աշխատակազմի վարչության պետի տեղակալի պաշտոնատար Արմեն Խաչատրյանը.
«Գործող օրենսդրության համաձայն զինծառայողներին հաշվարկվող դրամական ապահովությունը վճարվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը (ՀՀ վարչապետի 31.01.2001թ. N 72 որոշում): Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 03.07.20014թ. N712-Ն որոշման 3-րդ կետի 4-րդ մասի համաձայն ծառայության առանձնահատուկ պայմանների համար հավելումները հաշվարկվում են ծառայության փաստացի օրերի դիմաց, զինծառայողին յուրաքանչյուր ամսում հաշվարկվում է տվյալ ամսվա պաշտոնային դրույքաչափը և լրավճարը` ավանսային կարգով, ինչպես նաև փաստացի հաշվառման տվյալների հիման վրա` նախորդ ամսվա հավելումները: Վերը նշվածից հետևում է, որ զինծառայողներին միջինը 10%-ով ավելացումների համար սահմանված հավելումը հունիս ամսվա փաստացի օրերի համար հաշվարկվում և տրամադրվում է հուլիսի հիմնական ավանսային վարձատրության հետ: Զինծառայողների դրամական ապահովության միջինը 10%-ով ավելացումների համար ընտրվել է հավելման տեսակը, քանի որ պաշտոնային դրույքաչափի ավելացումը հնարավոր է ՀՀ օրենքներով սահմանված բազային աշխատավարձի կամ գործակիցների փոփոխության միջոցով, որը կհանգեցներ ՀՀ ամբողջ պետական համակարգում փոփոխությունների, իսկ ամսական լրավճարը սահմանված է որպես նվազող տեսակ և տրամաբանական չէր դրա ավելացումը",- նշվում է պատասխան նամակում: