ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճ. «արտառոց ձեռքբերում ներկայացնել, մեղմ ասած, տեղին չէ». Մարինե Առաքելյան

Միայն տնտեսական աճի արձանագրած ցուցանիշը դեռևս տնտեսության զարգացման և բարեկեցության ապահովման ցուցիչ չէ՝ էականը, թե ինչի հաշվին է ապահովվել այդ աճը: Այս մասին Tert am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, տ.գ.թ. Մարինե Առաքելյանը` անդրադառնալով 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճին: 

«2018թ.-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 9.9%, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրել ենք աճի տեմպի նվազում շուրջ 2.8%-ային կետով, հետևաբար սա որպես  արտառոց ձեռքբերում ներկայացնել, մեղմ ասած, տեղին չէ, հատկապես որ չի խոսվում Ջինիի գործակցի մասին, որտեղ արտացոլվում է հարուստների և աղքատների միջև բևեռացումը, որը Հայաստանում բավականին ցայտուն է»,-ասաց նա: 

-Համաձայն Eurostat-ի՝ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7,1 տոկոս։ Նախ, ինչո՞վ է ապահովվել այս աճը:  

-2019թ.-ի առաջին եռամսյակում տնտեսական աճի հիմնական շարժիչը եղել է առևտրի և ծառայությունների ոլորտը: Տնտեսական աճն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ Հատկապես ծառայությունների կազմում էական կշիռ ունեն վիճակախաղերի, տեսախաղային տեր­մինալ­ների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազ­մա­­կերպումը: 

Իհարկե, 7.1% աճի ցուցանիշը դրական է, սակայն աշխարհում շատ երկրներ արձանագրել են ավելի բարձր տնտեսական աճ՝ օրինակ 2018թ.-ին Բանգլադեշը արձանագրել է 7.7% ՀՆԱ-ի աճ, բայց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 1745 ԱՄՆ դոլար, սակայն կյանքի որակի էական բարելավում չի գրանցվել: Իսկ օրինակ` առաջատար յոթնակում գտնվող այնպիսի երկիր ինչպիսին Իտալիան է, որտեղ 2019թ.-ի առաջին եռամսյակում արձանագրվել է ամենացածր տնտեսական աճը՝ 0.1%, սակայն կյանքի որակը անհամեմատ ավելի լավ է, երբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է շուրջ 34,000 ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4188 ԱՄՆ դոլար: 

Ուստի միայն տնտեսական աճի արձանագրած ցուցանիշը դեռևս տնտեսության զարգացման և բարեկեցության ապահովման ցուցիչ չէ՝ էականը, թե ինչի հաշվին է ապահովվել այդ աճը: Բնական է, որ զարգացած երկրներում տնտեսական աճի տեմպերը պետք է զիջեն զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերին, ինչը դասագրքային ճշմարտություն է: 

Ի վերջո, տնտեսության դինամիկան պատկերացնելու համար անհրաժեշտ է դիտարկել նաև աճի տեմպը. 2018թ.-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 9.9%, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրել ենք աճի տեմպի նվազում շուրջ 2.8%-ային կետով, հետևաբար սա որպես  արտառոց ձեռքբերում ներկայացնել, մեղմ ասած, տեղին չէ, հատկապես որ չի խոսվում Ջինիի գործակցի մասին, որտեղ արտացոլվում է հարուստների և աղքատների միջև բևեռացումը, որը Հայաստանում բավականին ցայտուն է: 

-Ի՞նչ կփոխի երկրում ՀՆԱ-ի 7.1 տոկոս աճը, և արդյո՞ք այդ տվյալները  հավաստի են: 

-ՀՆԱ-ի աճի ցուցանիշը վերցված է Վիճակագրական կոմիտեից: 2019թ.-ին հարկային ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների,  ինչպես նաև հիմնականում ոչ արտահանելի համարվող առևտրի և ծառայությունների (բացառությամբ զբոսաշրջության և ՏՏ-ի) ճյուղի շնորհիվ ապահովվող տնտեսական աճը ժամանակավոր բնույթ է կրելու, քանի որ տնտեսության ճյուղերի այս ցուցանիշները չեն ուղղորդվել արտահանման ծավալների աճով: Ավելին, 2019թ.-ի առաջին եռամսյակում արձանագրվել է ՕՈՒՆ-ի ծավալների շուրջ 63% անկում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ: 

-Երկրորդ հորիզոնականում ՀՆԱ-ի 5,2 տոկոս աճով Հունգարիան է, երրորդը՝ 5 տոկոս աճով Ռումինիան: ՀՆԱ-ի 4,7 տոկոս աճով չորրորդ և հինգերորդ տեղերը կիսում են Լեհաստանը և Վրաստանը: Հայաստանն ի՞նչ ունի այս երկրներից առավել՝ ՀՆԱ-ի ավելի բարձր աճ ապահովելու համար: 

-Հարցը պետք է դիտարկել ոչ թե քանակական, այլ այն ենթատեքստում, թե որակական ինչ միտումներ են արձանագրվել. թեև Հունգարիայում տնտեսական աճը զիջում է Հայաստանին, այնուհանդերձ, վերջինս  ուղեկցվել է ներդրումների ծավալների, արտահանման ծավալների և աշխատատեղերի ստեղծմամբ, իսկ  հարևան Վրաստանում աճն ուղեկցվել է առևտրի, տրանսպորտի, անշարժ գույքի և ծառայությունների ոլորտի աճով, մինչդեռ Հայաստանում, ինչպես նշեցի, ՀՆԱ-ում մեծ տեսակարար կշիռ է կազմել ծառայությունների ոլորտը, որի շուրջ 80%-ը ապահովել է խաղային բիզնեսը: 
 

Քաղաքականություն