«Ռեստորան» Մայր Աթոռի բակային տարածքում. քաղաքացիների բողոքն ու արձագանքը
Aurora News-ը ահազանգ է ստացել մի խումբ քաղաքացիներից, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տարածքում ռեստորան է գործում, այսպես ասած` ուտել-խմելու տեղ: Քաղաքացիներին հետաքրքրում է` արդյո՞ք իրավունք կա նման գործունեություն իրականացնել եկեղեցու տարածքում: Նշենք, որ խոսքը «Agape Refectory»-ի մասին է:
«Հիմա ես ուզում եմ պաղպաղակ վաճառել այդ տարածքում, վստահ եմ, որ լավ եկամուտ կունենամ` կարո՞ղ եմ»,- հետաքրքրվեց մեզ դիմած քաղաքացիներից մեկը:
Գնալով ահազանգի հետքով կապ հաստատեցինք Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի հետ, որտեղից էլ ասացին, որ եկեղեցուն պատկանող տարածքում իրենք որեւէ կառույցի վրա իրավասություն չունեն:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից էլ տեղեկացրին, որ եկեղեցու տարածքում նոր շինություն չի կառուցվել.
«Նշված շինությունը եղել է շատ վաղուց, ժամանակի ընթացքում փոխել են դրա կիրառության նպատակը: Նշյալ շինությունը ռեստորան չէ, այլ սեղանատուն»:
Հարցին, թե սեղանատուն ասելով կարո՞ղ ենք հասկանալ տարածք, որը չի հետապնդում որևէ կոմերցիոն նպատակ, որտեղ սնունդ է դրված, կարելի է հյուրասիրվել, շնորհակալություն հայտնել ու գնալ, ասացին. «Սեղանատունը հանձնված է միջազգային օպերատորին, որը բավական մեծ փորձ ունի պատմամշակութային տարածքներում գործունեություն ծավալելու հարցում: Իհարկե, որոշ գումարներ այդուամենայիվ ծախսվում են եկեղեցու կարիքների համար»:
Թերեւս վերջում հավելենք, որ ինչքան էլ պարզաբանենք, որ այն սեղանատուն է, մարդկանց համար այդպես էլ անհասականալի է մնում, թե եկեղեցու տարածքում ինչպես կարելի է գալ ռեստորան հաց ուտելու համար: