100 մլն դրամով կտուգանվեք Կովկասյան ընձառյուծ որսալու դեպքում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխության նախագծին, որով բարձրացվում են Կարմիր գրքում գրանցված կրիտիկական վիճակում գտնվող կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման դեպքում պատճառված վնասի սակագինը։
Առաջարկվում է նշված կենդանիների որսի կամ ոչնչացման համար վնասի սակագինը 3 մլն դրամից դարձնել 100 մլն դրամ:
2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որեւէ ֆոտոթակարդի կողմից։ Բնապահպանության նախարարությունը կարևորելով վերոնշյալ հանգամանքը՝ 2019 թվականը հայտարարել է կովկասյան ընձառյուծի պահպանության տարի՝ նպատակ ունենալով վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը:
Այս օրենքի նախագծով հնարավորություն է ընձեռնվում բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարների մի մասն ուղղորդել համապատասխան տարածքների՝ այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել լավ պահպանությանն ու վերականգնմանը:
Նախագծի ընդունումը խոչընդոտ կհանդիսանա կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացմանը։ Նշենք, որ ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը: