ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ընկերությունը քանդում է քաղաքացու հիմնած այգին
Այսօր Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեի հողակտորի վրայի ծառերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ առնչություն ունեցող «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները էքսկավատորներով հողին են հավասարեցնում: Այս մասին տեղեկանում ենք «Հետք»-ից։
Լրատվականի հրապարակման մեջ ասվում է․
««Հետք»-ը ավելի վաղ գրել էր, որ հողակտորը տարիներ շարունակ մշակել էր քաղաքացի Սամվել Մկրտչյանը, սակայն վերջերս էր իմացել, որ այն գնել էր Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանը:
Սեփականության իրավունքով «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ին պատկանող 7000 քմ հողակտորից 4000 քմ-ի վրա Սամվել Մկրտչյանը այգի է հիմնել, սկզբում էլ հողակտորը վարձակալել էր համայնքից: ՍՊԸ-ի ներկայացուցիչների դիմումի հիման վրա ոստիկանության ծառայողները եկել են հողակտորի մոտ, որպեսզի հասարակական կարգ պահպանեն:
Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Ասատրյանը մեզ հայտնեց, որ դիմել են դատարան և վիճարկում են հողակտորը աճուրդով վաճառելու մասին քաղաքապետի 2010թ. կայացրած որոշումը: Այդ ընթացքում մոտ մեկ տասնյակ ծառեր արմատախիլ են արվել: Սամվել Մկրտչյանն էլ հայտարարեց, որ եթե իր այգին քանդեն, կառավարության դիմաց կինքնահրկիզվի»: