Մեր 9 կետանոց հարցապնդմանը խայտառակ պատասխան է տրվել. Մարուքյանըՙ Ջանջուղազյանի մասին
Իշխող ուժը պաշտպանեց իր նախարարին, որն իր նախարարն էլ չի, երկար տարիներ աշխատել է ՀՀԿ–ի օրոք: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով՝ այսօր ԱԺ-ում ձայների 41 կողմ, 67 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունած՝ «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցին:
«Այդ պաշտպանությունը կարծում եմ՝ ժամանակավոր է, քանի որ նա այսօր ստացավ 41 ձայն իր դեմ: Դա ուղերձ է վարչապետին, որ իր կաբինետում կա նախարար, ով 41 պատգամավորի՝ դեմ ձայն է ստացել: Սա նաև դաս է մյուս նախարարներին, որ խորհրդարանի հետ չի կարելի վարվել արհամարհական ձևով: Խորհրդարանի կողմից բարձրացված հարցին պետք է պատասխանել պատշաճ ձևով, պատասխանները չգցել կտուրը, և քաղաքացիներին հուզող հարցերով, որ մենք հարցապնդում ենք արել հարցպնդմանը նորմալ պատասխան տան»,- ասաց Մարուքյանը:
Նա պատմեց, որ իրենց խմբակցության ինը կետանոց հարցապնդմանը՝ Ֆինանսների նախարարությունից եկել է գրավոր «խայտառակ» պատասխան. «Մենք հույս ենք ունեցել, որ գոնե բանավոր այստեղ պատասխանները լինեն, և տեսանք, որ բանավորն էլ չեղավ: Դրանից հետո որոշում ենք կայացրել, որ այս նախարարի ապագա պաշտոնավարման հարցը պետք է դրվի քննարկման»,- և ավելացրեց, որ նախկին իշխանության օրոք էլ է ինքը կողմ եղել, որ ազատվեն այն կադրերից, որոնք տնտեսական հեղափոխություն չենք կարող իրականացնել: