ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմքայլական» պատգամավորների տարաձայնությունը վիճակախաղերի գովազդի նախագծի շուրջ
Տարաձայնություն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև։
Հանձնաժողովում քննարկվում էր «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը, ըստ որոնց՝ առաջարկվում է սահմանափակել լրատվամիջոցներում վիճակախաղերի գովազդը: Այս մասին հայտնում է
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ դեմ է վիճակախաղերի ոլորտի տարածմանը: Նա նաև նկատեց, որ գովազդը տեղական լրատվամիջոցներում օրենքով արգելում են կոնկրետ ժամերի, բայց սոցցանցերում թույլատրում: Միաժամանակ, ըստ նրա՝ առաջարկվում է կոնկրետ ժամերի արգելել գովազդը, բայց սպորտային միջոցառումների ժամանակ կարող են գովազդ անել:
Նա շարունակեց օրենքի կիրառումից հնարավոր վնասները և ասաց, որ բուքմեյքերական ընկերությունները համայնքին վահանակների գովազդից տարեկան շուրջ 70 մլն դրամի տուրք է մուծում:
«Ու դա այն գրասենյակն է, որն ամենաքիչն է գովազդ անում: Եթե այդ թիվը բազմապատկենք 4-ով, ստացվում է, որ համայնքային բյուջեներին մոտ 300 մլն-ի վնաս ենք հասցնում և սա այն դեպքում, որ վահանակները ամենաթիրախայինը չեն, վահանակներին ոչ մեկ չի նայում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս օրենքով մինչև կես մլրդ դրամի վնաս են թողնում, բայց հնարավորություն են տալիս, որ նույն գովազդը սոցցանցերում տեղադրվի:
Նախագծի հեղինակ Հրաչյա Հակոբյանն էլ հավելեց, որ վահանակների հարցով վնասների մասով Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն է տվել:
«Որ ասում եք վահանակներին չի նայում, իրականում, եթե հեռուստատեսությամբ է գովազդվում, մարդը հնարավորություն ունի երեխային կտրի այդ գովազդից, կամ փոխի ալիքը, ռադիոյով՝ անջատի, կայքով՝ նույնպես, բայց չի կարող երեխային արգելել իր բուֆետի փողը ծախսի դրա վրա, երբ գովազդը ահռելի մեծ վահանակով է տարվում»,-ասաց նա:
Մինչ նախագիծը կդրվեր քվեարկության, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց ինչպես վիճակախաղերին վերաբերող Ալեն Սիմոնյանի նախագծի դեպքում էր, այս հարցի քվեարկությունը ևս հետաձգել և հանձնաժողովում զուգահեռաբար մանրակրկիտ քննարկել: Առաջարկն ընդունվեց՝ հարցի քննարկումը հետաձգվեց մինչև ապրիլի 26-ի նիստը: