Ձյան հետևանքները. քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է թե, որ դեպքում է պատրաստ ներողություն խնդրել
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի բոլոր փողոցներն անցանելի են, ձնամաքրման աշխատանքները սկսվել են վաղ առավոտից, քաղաքապետն էլ շրջայց է կատարում և հետևում գործընթացին: «6:30-ին դեռ անձրև էր գալիս, իսկ ձյունը սկսվել է դրանից հետ, դրան զուգահեռ քաղաքում գոյություն ունեցող ամբողջ տեխնիկան գործի է դրվել: Աշխարհի որևէ երկրի որևէ մայրաքաղաքում, որևէ գավառական քաղաքում չեք կարող գտնել այդպիսի ինֆրաստրուկտուրա, որը հնարավորություն է տալիս ձյան սկսվելուց երկու ժամ հետո, ընդ որում, երբ ձյունը շարունակվում է, ամբողջ քաղաքը մաքրել, եթե կա այդպիսի քաղաք, ես պատրաստ եմ ներողություն խնդրել մեր ամբողջ կոմունալ տնտեսության անունից»,-ասաց նա: Հակոբ Կարապետյանը նկատեց, որ զրուցելու պահին ժամը 12:30-ն է և կոչ արեց դուրս նայել, քաղաքի բարձրադիր շրջանների բոլոր փողոցները մաքրված են և անցանելի: Դիտարկմանը, թե արդեն հալվում է ձյունը, Հակոբ Կարապետյանն ասաց, որ մեքենաները հինգ ժամվա ընթացքում հասցրել են մեկ կամ երկու պտույտ կատարել և մաքրել: «Ես այդ բոլոր դժգոհությունները ո´չ հասկանում եմ, ո´չ ընդունում, թող ինձ բերեն ցանկացած երկրի քաղաքի օրինակը, որտեղ ձյունը սկսվելուց երեք ժամ հետո ամբողջ քաղաքը մաքուր է»,-ասաց նա: «Հասկանալի է, որ ձյան ժամանակ երթևեկությունն այդքան անվտանգ և կոմֆորտ չի լինում, ինչպես չոր եղանակին, բայց զուգահեռ մաքրման աշխատանքներ են իրականացվում»,-ասաց նա: Ամեն դեպքում, նա կոչ արեց ձնամաքրման երկրորդ փուլում այն հատվածներում, որ խնդիրներ կան, տեղեկացնել պաշտոնական էջերին: Նա հայտնեց, որ 30 ձնամաքրման մեքենա է աշխատել այսօր:

Քաղաքականություն