Օրհնե՞րգ, թե անհիմն հիմն. Դանիել Երաժիշտ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդվարդ Միրզոյանը իր հուշերում ՖԱՐՍ է համարում «Մեր հայրենիք» երգը որպես Հայաստանի Օրհներգ հաստատելը: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացել էր, որ կկազմվի հատուկ հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա քննարկում կանցկացվի Գերագույն Խորհրդում: Սակայն չկատարելով իր խոստումը, օրհներգի հարցը անսպասելիորեն դրվեց Խորհրդի նիստին: Ահա այսպես է Միրզոյանը նկարագրում այդ «դեպքը». «Բաբաջանյան-Հարությունյանի օրհներգի ձայնագրությունը ունկնդրեցին ու չքննարկեցին՝ մեռելային լռություն էր: Իսկ «Մեր հայրենիքը» երգը սկսելուն պես, ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց, և ականատեսներն ասում են, որ դրա նախաձեռնողը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ով առաջինը ոտքի կանգնելով, մյուսներին օրինակ տվեց» (Эдвард Мирзоян, Фрагменты, Ереван, 2005, стр. 202): Ինչպես տեսնում ենք, «Մեր հայրենիք» օրհներգը մեկ-երկու ոչ մասնագետի քմահաճույքով դարձավ մեր հանրապետության հիմնը, ավելի ստույգ՝ «ԱՆՀԻՄՆ ՀԻՄՆ»: Այժմ բուռն քննարկումներ են գնում վերականգնելու Արամ Խաչատրյանի հիմնը: Սա այլևս ո'չ ճաշակի, ո'չ զուտ երաժշտական, ո'չ էլ կուսկացական հարց է, այլ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ: Ճիշտ կլինի «սար ու ձոր» չընկնել, այլ վերականգնել ոտնահարված արդարությունը, ինչպես փորձում են մյուս բնագավառներում նախկին իշխանությունների գործած կամայականությունների հետևանքներից ձերբազատվել: Չէ՞ որ մինչ այդ օրինազանցությունը, տարիներ շարունակ Հայաստանի ՕՐԻՆԱԿԱՆ Օրհներգը Խաչատրյանի հիմնն էր: Խաչատրյանի Օրհներգը ծնվել է 2-րդ աշխարհամարտի թեժ օրերին (1944 թ.), երբ կոմպոզիտորը խիստ մտահոգված էր հայ ժողովրդի ապագա ճակատագրով, և... «ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈ'Ց ԵԼԱՆԵՐ»՝ ահա այսպես ժայքեց Խաչատրյանի Օրհներգը: Նույն թնդանոթների որոտընդոստ դղրդյունի ներքո ծնվել է նաև Շոստակովիչի «Լենինգրադյան սիմֆոնիան», որի ամերիկյան պրեմիերայից հետո այսպես է արձագանքել մամուլը. «ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐՆ ՈՒՆԻ ՆՄԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՈՒՆ, ԱՆՀԱՂԹ Է»: Նույնը կարելի է ասել Արամ Խաչատրյանի Օրհներգի վերաբերյալ: ՍԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ Է, ԵՎ ՎԵՐՋ»:

Քաղաքականություն

Պատահարներ