Փաշինյանը հանդիպել է ՌԴ-ում ադրբեջանամետ քացաքագետի հետ
«Իրավունք» օրաթերթը նախօրեին հայտնել էր, որ պաշտոնական այցով Մոսկվա այցելած վարչապետ Փաշինյանը չի հանդիպել ՀՀ դեսպանատան դիմաց հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպում էին պահանջում, նամակ էին փոխանցել դեսպանատուն, քանի որ լուրջ խնդրի առաջ են կանգնել։ «ՌԴ-ում նոր օրենքի կիրառման համաձայն՝ այն երկրների վարորդական իրավուն­քով, որտեղ ռուսերենը չունի պետա­կան լեզվի կարգավիճակ, անգամ եթե երկիրը ներառված է ԵԱՏՄ կազմում, աշխատանքային միգրանտներն իրա­վունք չունեն որպես վարորդ ծավալել եկամուտ հետապնդող գործունեու­թյուն: Հանդիպումը Ն. Փաշինյանի հետ, իհարկե, այդպես էլ չի կայացել, սակայն ռուսաստանաբնակ հայերին առավել վրդովվեցրել է այն, որ իրենց հետ հանդիպման համար ժամանակ չգտած Ն. Փաշինյանը մեծ հաճույքով հանդիպել ու առանձնազրույց է ունե­ցել «Նոր Ռուսաստան» շարժման ղե­կավար, պրոադրբեջանական ռուս քա­ղաքագետ Նիկիտա Իսաևի հետ՝ մի մարդու, որը մշտապես աչքի է ընկել իր հակահայկական դրսևորումներով: Ընդ որում, ուշագրավ է այն, որ հան­դիպման մասին Ն. Իսաևը սոցցանցում մեծ ոգևորությամբ գրառում է կատարել ու ջերմ խոսքեր շռայլել: Թե ինչո՞ւ է այդքան շոյված պրոադրբեջա­նական փորձագետը Ն. Փաշինյանի հետ հանդիպումից, դժվար է ասել, սա­կայն առնվազն մտահոգվելու տեղիք է տալիս»,-գրել էր թերթը։ Այսօր Բաղրամյան 26 թելեգրամ-ալիքը գրել է, որ այդ հանդիպման վերաբերյալ անանուն նամակ է ստացել և մանրամասներ ներկայացրել ադրբեջանամետ դիրքորոշման տեր ռուս քաղաքագետի մասին։ Եվ այսպես, ըստ թելեգրամ-ալիքի, Նիկիտա Իսաևը կոմպետենտ փորձագետ և հարգված քաղաքական գործիչ չէ։ Սակայն, նա նաև ընդդիմադիր գործիչ չէ, ինչպես ինքն է իրեն ներկայացնում։ Ռուսաստանցի պատգամավոր Իսաևի «Նոր Ռուսաստան» հասարակական կազմակերպությունն իրականում ՌԴ նախագահի վարչախմբի պրոյեկտն է, իսկ Իսաևին տրված է ընդդիմադիր գործչի դեր։ «Սակայն, այս պատմության մեջ սարսափելին այն է, որ Նիկիտա Իսաևը նաև ադրբեջանամետ քաղաքական գործիչ է։ Նա վերջին 3 տարին զբաղվում էր ՌԴ-ում Ադրբեջանի շահերի լոբբինգով, ինչի դիմաց կլորիկ գումարներ էր ստանում ադրբեջանական կողմից։ Դրանից առաջ Իսաևը ժամանակ առ ժամանակ լավ էր արտահայտվում նաև Հայաստանի մասին՝ դրա դիմաց գումար չստանալով, սակայն հետո նա ընկավ Ադրբեջանի գիրկը»,- գրել է Բաղրամյան 26-ը։ Անանուն նամակի հեղինակը նկատել է, որ Իսաևի քաղաքական գործունեությունը հիմնականում ծավալվում է հեռուստատեսային շոուների ընթացքում, և որ Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումը ցածրացնում է հայ ղեկավարության մակարդակը, իսկ համատեղ պրոյեկտի ստեղծումը զգալի վնաս կհասցնի Փաշինյանի հեղինակությանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Իսաևը մոտ օրերս նախատեսում է այցելել Հայաստան։ Իսկ Փաշինյանի հետ նախատեսում են բանավեճի ակումբ ստեղծել, որում պարբերաբար հանդես կգան հայ և ռուս փորձագետներ։

Քաղաքականություն

Պատահարներ