154 հազար դոլար՝ նախորդ գումարման Ազգային ժողովի պարգևավճարներին
Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորները և աշխատակազմի ղեկավար կազմը ևս ստացել են պարգևավճարներ: Այս մասին Factor am-ըտեղեկացել է Ազգային ժողովի աշխատակազմի հանրության և լրատվության հետ կապերի վարչությանն ուղղված գրավոր հարցման պատասխանից: «Ձեր հարցերի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմի բոլոր աշխատակիցները 2018 թվականի դեկտեմբերին ստացել են մեկ դրույքաչափին հավասար պարգևավճար»,- ասված է գրության մեջ: Նշենք, որ խոսքը նախորդ գումարման խորհրդարանի մասին է, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն էր: ԱԺ նախագահը Արա Բաբլոյանն էր, իսկ փոխնախագահները Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք նաև, որ 6-րդ գումարման ԱԺ-ի լիազորությունները դադարել են 2019 թվականի հունվարի 14-ից, երբ աշխատանքը սկսեց 7-րդ գումարման խորհրդարանը: Անդրադառնալով պարգևավճարներին՝ ստացվում է, որ յուրաքանչյուր պատգամավոր կամ աշխատակից պարգևատրվել է իր աշխատավարձի 100 տոկոսով: Մասնավորապես, Ազգային ժողովի նախկին նախագահի պարգևավճարը կազմել է 1 մլն 190 հազար 520 դրամ: ԱԺ փոխնախագահներինը՝ 925 հազար 960 դրամ, իսկ չորս փոխնախագահինը միասին կազմել է 3 մլն 700 հազար դրամ: Ազգային ժողովի 9 հանձնաժողովների նախագահներինը միասին կազմել է 7 մլն 680 հազար դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և պատգամավորներից յուրաքանչյուրը ստացել են 661 հազար դրամ: ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պարգևավճարը կազմել է 595 հազար դրամ, իսկ մյուս երկու տեղակալներինը միասին՝ 1 մլն 58 հազար դրամ: Բացառությամբ ԱԺ նախագահի, նրա տեղակալների և հանձնաժողովների նախագահների, մնացած 91 պատգամավորների ընդհանուր պարգևավճարը կազմել է 60 մլն դրամ: Այս թվին եթե գումարում ենք նաև ԱԺ վերոնշյալ աշխատակիցների պարգևավճարներն, ապա միասին ստացվում է 75 մլն դրամ: Սա համարժեք է 154 հազար ԱՄՆ դոլարի: Հիշեցնենք, որ վերջին օրերին շատ թեժ քննարկվում է պետական կառույցների աշխատակիցներին տրված պարգևավճարների չափաքանակը: Մասնավորապես, արդեն գրել ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարը կազմել է 474 միլիոն դրամ կամ 947 հազար ԱՄՆ դոլար: Այսօր էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ իր 8 ամսվա պարգևավճարը 14 մլն դրամ է: Ավելի վաղ էլ ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանը Factor.am-ին տեղեկացրել էր, որ իր տեղակալին պարգևատրել է աշխատավարձի 180 տոկոսով:

Քաղաքականություն

Պատահարներ