«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Haynews» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։ Նա նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր։ Ինչպես Aysor-ին հայտնեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլ էր հայտարարել։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ավելի վաղ բացահայտվել էր կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: Մասնավորապես` պարզվել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Պատահարներ