Ի՞նչ իրավիճակ է Բագրատաշենի մաքսատանն այս րոպեներին
Բագրատաշենի մաքսատանը իրավիճակը չի հանդարտվում: Թուրքիայից ավտոբուսով եկած եւ մաքսային անցակետի ելումուտը փակած առեւտրականները NEWS-ի հետ զրույցում հայտնեցին, որ անցակետը փակել են առավոտյան ժամը 11-ի սահմաններում, քանի որ իրենց թույլ չեն տալիս մտնել Հայաստան: «Այս պահին սահմանին կանգնած է 6 ավտոբուս, որոնք «պլոմբել են» ու թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Օրենքը փոխել են եւ նախկին 50 կգ-ի փոխարեն թույլատրվում է 25 կբ բեռ անցկացնել առանց մաքսազերծման, բայց հիմա 25 կգ էլ չեն թողնում անցկացնել: Պահանջում են, որ պետք է մեր անձնագրերում ունենանք Թուրքիայի կնիքը, որ Թուրքիայից ենք գալիս: Բայց բանն այն է, որ որոշ ապրանքներ ավտոբուսը բերել է առանց ուղեւորների: Բեռի տերերը եկել են Վրաստանի փոստից ստացել են իրենց բեռը եւ ուզում են վերադառնալ Հայաստան, բայց թույլ չեն տալիս: Ասում են մեկ կգ-ի համար 4 եվրո պետք է վճարեք»,-ասաց առեւտրականներից մեկը: Նա ընդգծեց, որ հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք ունեն Թուրքիայի կնիքը, էլի չեն կարողանում մտնել Հայաստան, քանի որ ավտոբուսներն ամբողջությամբ պլոմբել են եւ չես կարող որեւէ բեռ առանձնացնել: Ցույցի մասնակիցները նշեցին, որ ժամը 17-ի սահմաններում իրենց բացել են ճանապարհը, բայց չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում, քանի որ ոչ ոք իրենց բանի տեղ չի դնում, հարցերին չի պատասխանում: «Մենք այստեղ ենք երեկ երեկոյան ժամը 9-ից: Մաքսատան ծառայողներն ասում են, որ ձեր խոսքը մեզ համար արժեք չունի: Ոչ մի պատասխան չեն տալիս: Սկզբում ասացին, որ կխոսեն կառավարության ներկայացուցիչների հետ, ինչ-որ լուծում կտան, իսկ հիմա լրիվ արհամարհում են: Անհույս վիճակ է, ոստիկանները ուշադրություն չեն դարձնում մեզ վրա: Անգամ քիչ առաջ մի մեքենայի վարորդ մեր ուղեւորներից մեկին վրաերթի ենթարկելով քշեց անցավ սահմանը: Ոստիկանները կանգնած էին, նույնիսկ չմոտեցան, իսկ ուղեւորի համար շտապօգնություն ենք կանչել: Մենք չպատկերացրինք, ովքեր էին»,-ասաց առեւտրականներից մեկը՝ հավելելով, որ ոստիկանները շատ կոպիտ են վարվում իրենց հետ, սպառնում են, որ կձերբակալեն, եթե ճանապարհը չբացենք, անգամ փորձ եղավ ակցիայի մասնակիցներից մեկին առեւանգելու: «Թուրքիայից ենք եկել, բերել ենք ուղեբեռը, մինչեւ 25 կգ: Մենք համաձայնել ենք, որ 25 կգ լինի: Մարդիկ կան, որոնք Թուրքիայից իրենց բարեկամների համար բեռ են ուղարկել: բեռի տերերը Հայաստանից եկել, ստացել են իրենց բեռը, ուզեցել են օրինական մտնեն Հայաստան, բայց սահմանում թույլ չեն տալիս: Ասում են՝ Թուրքիայի կնիքը չկա, չենք թողնում: Քանի որ չունեք Թուրքիայի պեչատ, ուրեմն չենք կարող անցկացնել, պետք է մաքսազերծեք 4 եվրոյով»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա քանի որ ճանապարհն էլ բացվել է, իրենց հույսը մնացել է այն, որ մաքսատան ղեկավարները մի որոշում կընդունեն իրենց վերաբերյալ:

Քաղաքականություն