Նոր սնունդ զինծառայողների համար
Այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների համար շրջայց է կազմակերպվել Հայաստանի Զինված ուժերի կենտրոնական պարենային բազա: Լրագրողներին ներկայացվել է զինծառայողների համար նախատեսված սնունդն ու դրանց պահպանման պայմանները:
«Պարենային բազայում կա նոր սառնարանային տնտեսութուն, ծավալները մեծացվել են, ինչը հնարավորություն է տալիս շուտ փչացող սննդամթերքը պահապանել համապատասխան ջերմախոնավային պայամաններում: Մատակարարումներից հետո սահմանված կարգով առաքվում են տարածքային բազաներ և կենտրոնացված կարգով տեղափոխվում զորամասեր», – ասաց ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ Արա Վարդանյանը:
Արա Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ զինվորի սննդակարգում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: 2019թ. մի քանի կարևոր սննդատեսակներ են ավելացվելու և մրցութային գործընթացից հետո կհատկացվեն զինծառայողներին: Ձմեռային ժամանակահատվածում 1 զինծառայողի հաշվարկով պլանավորված է հատկացնել բնական մեղր, խոզի ճարպ՝ սալ, ինչպես նաև ավելանալու է սխտորի չափաբաժինը: Նպատակն իմունային համակարգի բարձրացումն է:
«2018-ին մրցութային գործընթացը ավարտվել է, և սննդակարգում մայիսից բոլորին հասանելիք հացի 40 տոկոսի չափով հատկացվում է նաև լավաշ: 2018-ի սննդակարգում ավելացրել ենք թանապուր, որը հատկացվում է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին՝ պատրաստի տեսքով, իսկ մշտական տեղակայման վայրերում մածուն է հատկացվել և շաբաթական մեկ անգամ նույնպես պատրաստվում է թանապուր, ինչը շատ բարձր գնահատականի է արժանացել: 2019-ին պլանավորել ենք պահածոյացված կարտոֆիլի տեսակ, որը մարտական հերթապահության ժամանակ կարող են օգտագործել թե´ տապակայի, թե՛ խյուսի տեսքով»,- ասաց Արա Վարդանյանը:
Նախատեսվում է նաև 7 տեսակի արագ պատրաստվող ապուրների մատակարարում 6 տեսակի ձավարեղենից, իսկ 7-րդը կլինի պատրաստի բորշ՝ ինֆրակամիր եղանակով չորացրած: Սա նախատեսված է առաջնագծում ծառայողների համար, որի եփելու գործընթացը հեշտացված է: Ընդամենը պետք է ավելացվի տաք ջուր, և ապուրը պատրաստ է, իսկ ստացիոնարում առաջին ճաշատեսակները պատրաստվում են թարմ բանջարեղեններից: Այսինքն՝ զինծառայողները շաբաթվա 7 օրերին կունենան 7 տարբեր տեսակի ապուրներ: