Հայաստան է մուտք գործել 10 237 հնդիկ․ վիճակագրական տվյալներ
ՀՀ ՏԿԶՆ Միգրացիան ծառայությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների մասին: Նախ նշվում է, որ 2018 թ․ ամփոփ վիճակագրական տվյալները հասանելի կլինեն հունվարի 20-ից հետո միայն։
Այնուհանդերձ, անգամ առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան սահմանահատումների թվի աճ։ Հիշեցնենք, որ օրերս Change.org կայքում փակվել է հնդիկների և պակիստանցիների դեմ ուղղված հայերի ստորագրահավաքը, որը վերոնշյալների՝ դեպի ՀՀ մուտքի ազատ վիզային ռեժիմի դեմ էր:
Միգրացիան ծառայության հաղորդած տվյալները ներկայացնում ենք ստորև.
«Այսպես, 2015թ-ին նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք - 3951, ելք – 3899, տարբերությունը՝ 52, 2016 թ․-ին համապատասխանաբար՝ 4226 և 4148, տարբերությունը՝ 78, 2017 թ.-ին՝ 11589 և 11278, տարբերությունը՝ 311, իսկ 2018 թ. առաջին կիսամյակի տվյալներով արդեն մուտքերը կազմել են 10 237, ելքերը՝ 9122, տարբերությունը՝ 1115։
Ինչ վերաբերում է կացության կարգավիճակներ ստացած Հնդկաստանի քաղաքացիներին, ապա այս դեպքում նույնպես առկա է աճ։ 2015 թ․-ին կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի Հանրապետության 1119 քաղաքացի․ 2016-ին՝ 1086, 2017-ին՝ 938, իսկ 2018 թ․-ի նախնական արդյունքներով այդ թիվը մոտ է 2000-ին (վերջնական տվյալները կճշտվեն հունվարի 20-ից հետո)։ Հարկ է նշել, որ Հնդկաստանի քաղաքացիներն ստացել են գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու հիմնական հիմքը եղել է ուսումը։
Հայաստան մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճը պայմանավորված է նաև վիզային քաղաքականությամբ։ 2017 թ․-ի նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց նոր որոշում (N 1435-Ն), ըստ որի Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգը ավելի դյուրացվեց՝ հնարավորություն տալով ՀՀ մուտքի վիզա ստանալ առանց հրավերի, ինչպես ՀՀ դեսպանություններում, այնպես էլ՝ ՀՀ սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային վիզա (E-Visa) համակարգի միջոցով, ինչը հանգեցրեց Հայաստան այցելող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճի:
Տեղեկատվության կարգով
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ այցելության մուտքի արտոնագրերը տրվում են ՀՀ-ում մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով (պետական տուրքը կազմում է 3000 դրամ) և մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ (պետական տուրքը կազմում է 15,000 դրամ)։